Հայաստանի շինարարները և ոլորտի բարձրաստիճան անձինք իրենց մասնագիտական տոնը հանդիսավոր կերպով նշեցին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում: Շինարարներին շնորհավորական ուղերձ հղեց նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով համոզմունք հայտնեց, որ շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր մասնագիտություններից է:
«Շինարարի աշխատանքի արդյունքով է պայմանավորված ազգային տնտեսության և ժողովրդի բարեկեցության դինամիկ զարգացումը: Դուք մշտապես եղել եք մեր հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքում՝ հաջողությամբ լուծելով ձեր առջև դրված դժվարին և պատասխանատու խնդիրները: Մենք հպարտանում ենք մեր ճարտարապետների և շինարարների ստեղծած հրաշալի գլուխգործոցներով: Շարունակե՛նք այդ բարի ավանդույթը»,- ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ շինարարներն այսօր տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին, ինչը թույլ է տալիս հաջողությամբ իրականացնել քաղաքացիների հարմարավետ կենսապայմանների ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերը: «Կառավարման կատարելագործման, ֆինանսավորման ծավալների աճի և ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ շինարարության ոլորտը դարձել է մեր ազգային տնտեսության կարևոր հատվածներից մեկը», - ասաց գործադիրի ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանը նաև պարգևներ հանձնեց շինարարներից մի քանիսին' պետական կառավարման համակարգում ներդրած ավանդի, երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության համար:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ևս շնորհավորական խոսք ուղղեց ներկաներին' հավելելով, որ արդեն բարի ավանդույթ է դարձել օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում նշելու շինարարների օրը: «Որպես ոլորտի պատասխանատու անձ պետք է նշեմ, որ վերջին տարիներին շինարարական աշխատանքների որակական հատկանիշները բարձրացել են:
Հայաստանը նաև կարևոր գործ է կատարել շենքերի սեյսմակայունության ապահովման առումով: Ներկայումս կարող եմ ասել, որ մեր շինարարները կարողանում են միջազգային չափանիշներին համապատասխան գործ կատարել: Մենք այ սօր պատրաստ ենք արդեն լուրջ կառույցներ ստեղծելու»,- ասաց նախարարը:
Նարեկ Սարգսյանը ևս պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց շինարարներին' հույս հայտնելով, որ հաջորդ տարիներին կներդրվի «Վաստակավոր շինարարի» կոչումը: