Սեւանա լիճն ամառվա տապին շարունակում է հրապուրել զբոսաշրջիկներին: Նրանք օգտվում են ինչպես մասնավոր, այնպես էլ երեք հանրային լողափերից: Հանրային լողափերում սեզոնի բացումը մեկնարկել է հունիսի 1-ից:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը, Սեւանի լողափերը վերահսկվում են Հայաստանի ջրափրկարարների կողմից: Ջոկատում ընդգրկված են 37 փրկարարներ, ովքեր սպասարկում են ինչպես Սեւանի լողափերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողջ ջրային տարածքները:

 

Սեւանում նրանք վերահսկում են երեք հանրային լողափերը, թերակ ղզու ողջ տարածքը եւ Հայրավանքում գործող «Գեղամա» հանգստյան գոտին: Յուրաքանչյուր հանրային լողափում հերթափոխով վերահսկում են երկու փրկարար: Լողափերն ունեն նաեւ իրենց բուժկետերը:

 

8 փրկարար իրենց շուրջօրյա վերահսկողության տակ են վերցրել Հայրավանքի «Գեղամա» հանգստյան գոտին, որտեղ հունիսի 2-ից միչեւ օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում 11 հերթափոխով հանգստանում են շուրջ 3000 պատանի երկրապահներ: Հայաստանի ջրափրկարարները պատրաստված են եւ զինված համապատասխան տեխնիկայով:

 

Թերակղզում ստեղծվել է մեկ հենակետ, որտեղից վերահսկվելու է տարածքը: Սեւանա լճի տարածքում կան նաեւ աշտարակներ, որտեղից իրականացվում են դիտումներ' լողացողների անվտանգությունն ապահովելու նպատակով: Փրկարարները փրկարարական մոտորանավ ակներով ու նավով շրջում են մասնավոր լողափերով եւ անհրաժեշտության դեպքում օգնում հանգստացողներին: Նրանք հետեւում են նաեւ, որ հանգստացողների համար նախատեսված ջրային տեխնիկաները մարդկանցով նախատեսվածից շատ չզբաղեցվեն: Փրկարարները կատարում են բարձրախոսներով զգուշացումներ:

 

Ամփոփելով փրկարարական ջոկատի կողմի մինչ օրս կատարած աշխատանքները' Արմեն Ճզմաչյանը նշեց, որ այս ընթացքում Սեւանա լճի տարածքում մահվան դեպքեր չեն գրանցվել: Միայն մեկ ահազանգ է եղել ՀՀ Ոստիկանության կողմից, որի արդյունքում լճից հայտնաբերվել է մեկ դի' հագուստով, թե ինչ պայմաններում է դիակը հայտնվել լճում, դեռ կպարզվի համապատասխան մարմինների կողմից իրականացվող քննության արդյունքում: Դիակի ինքնությունը պարզվել է: Նա Սեւան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Վալերի Սերյոժայի Ներսիսյանն է:

 

Այսօրվա տվյալներով' փրկվածների թիվը 15-ն է, որից երեքը' հանրային լողափերի հանգստացողներ են եղել: Նրանք լողալով հատել են թույլատրելի սահմանը եւ վերադարձին հայտնվել կյանքի համար սպառնալից իրավիճակում: Եղել են դեպքեր, երբ մասնավոր լողափերում հանգստացողների նավակները, հեծանիվները քամին քշել, տարել է լճի կենտրոն: Փրկարարներն իրականացրել են նաեւ որոնողական աշխատանքներ' ցամաքային հատվածներում, երբ տուրիստները, ծանոթ չլինելով տեղանքին, մոլորվել են անտառներում ու թերակղզու հատվածում: Փրկարարների միջոցով նաեւ լճի ջրերում խրված մեքենաներ են դուրս բերվել:

 

Խոսրով Խլղաթյան