Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Ազատության Մայդանը բարիկադներից մաքրելու աշխատանքներն անցնում են բախումների ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ria Novosti-ն, մայրաքաղաքում մաքրման աշխատանքներն ընթանում են կիևցիների ճնշումների ներքո, որոնց փորձում են դիմադրություն ցույց տալ Մայդանի ակտիվիստները:

 

Ինչպես հաղորդում է ուկրաինական 5-րդ ալիք հեռուստաընկերությունը, կիևցիները և հավաքարարները Կրեշչատիկ փողոցին հարակից Գորոդեցկո փողոցում մաքրում են թափոնները և բետոնե բարիկադները: Այդտեղից արդեն հեռացված են վրանները, կիևցիները հանում են աղբը:

 

Նրանց փորձել են դիմադրել Մայդանի «բնակիչները», որոնք ատրճանակից օդ են կրակել, հանել են դանակները, փորձել են այրել անվադողեր և քարեր են նետել կիևցիների վրա: Սակայն մայրաքաղաքի բնակիչներին հաջողվել է կասեցել ակտիվիստների գործողությունները, խլել նրանց զենքերը և ձերբակալել մարդկանց վրա քար նետող ակտիվիստներից մեկին:

 

5-րդ ալիքը հաղորդել է, որ կիևցիները վճռական են տրամադրված և ցանկանում են մաքրել ողջ տարածքը՝ չնայած, որ իշխանությունները մայդանի ակտիվիստների հետ պայմանավորվել էին ազատել միայն ճանապարհին խանգարող հատվածները:

 

Իր հերթին, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, ով շաբաթ ներկա է գտնվել մաքրման աշխատանքներին, հայտարարել է, որ Կրեշչատիկ փողոցում վրաններ և բարիկադներ չեն լինելու: «Կրեշչատիկ փողոցում չպետք է լինի ոչ մի վրան, ոչ մի բարիկադ: Եթե պետք է, վրաններ կարող են լինել ճանապարհին չխանգարող հատվածում»,- Կլիչկոյի խոսքերն է մեջ բերել «112 ալիք» հեռուստաալիքը: Կլիչկոն նաև հայտարարել է, որ բանակցությունների միջոցով իրենք աստիճանաբար փորձում են այնպես անել, որ Կիևը վերադառնա բնականոն կյանքի: