Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից զենքի ձեռքբերման իրողությունը օգտագործել քարոզչական նպատակներով: Մասնագետների համոզմամբ, մի քանի անգամ արդեն շրջանառված տեղեկատվության հրապարակումը, ոչ այլ ինչ է, քան հոգեբանական պատերազմի ձև:
Վերջին օրինակը ТОС-1А «Солнцепёк» ծանր հրանետային համակարգերի 2-րդ խմբաքանակի, ТММ-6 ծանր մեխանիզացված կամուրջների և ИМР-3М ինժեներային մեքենաների առաջին խմբաքանակի ներկրման մասին տեղեկատվությունն էր:
«Արմենպրես»]-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ դեռ 2006-2007 թվականններին էր կնքել զենքի ձեռքբերման տարբեր պայմանագրեր, և զինատեսակները փոքր խմբերով ներկրվում են Ադրբեջան: «Դա նոր խմբաքանակ չի, այլ նախկին պատվերների մասնաբաժին, որը նոր է ուղարկվում:
Նոր խմբաքանակ բառը այստեղ խաբուսիկ է, քանի որ խոսքը վերաբերում է հին գնումների: Իրենց տեղեկատվական պատերազմ վարողներն օգտագորում են այդ հանգամանքը և փորձում լրացուցիչ ազդեցություն գործել»,- ասաց Հովհաննիսյանը:
Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի խոսքով' նշված զինատեսակների գնման մասին տեղեկությունները շրջանառվում էին դեռ 2-3 տարի առաջ: Նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է զենքի ներկրման մասին տեղեկություններով ազդել լսարանի վրա:
«Սպառազինության ձեռք բերման հանգամանքն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես հոգեբանական պատերազմի ձև, որը լավ է ազդում մեզ վրա: Իրենք օգտագործում են զենքի գնման փաստը նաև քարոզչական նպատակով»,- ասաց փորձագետը:
Ադրբեջանը 2011 թվականի ընթացքում «Уралвагонзавод» ընկերությունից պատվիրել էր տարբեր զինատեսակներ: Ներկայումս այդ զինատեսակների ներկրումը ներկայացվում է որպես նոր խմբաքանակի ձեռքբերում, ինչը շփոթություն է ստեղծում ընթերցողների մոտ: Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր ողողված էին այն տեղեկատվությամբ, որ ռուսական «Уралвагонзавод»-ը մոտ օրերս Բաքու կուղարկի Ադրբեջանի կողմից պատվիրված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը: