Ամռանը ծովային հանգստի մեկնողները պետք է որոշակի կանոնների հետևեն՝ սեփական առողջությունը պաշտպանելու և տարատեսակ հիվանդություններից խուսափելու նպատակով: Մասնագետները հորդորում են հանգստի մեկնողներին լողանալ միայն առավոտյան մինչև ժամը 11-ը և երեկոյան 17:00-ից հետո:

 

Մաշկաբան Դավիթ Ասմարյանը օգոստոսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ շատ հաճախ նման կանոնների խախտումը հանգեցնում է այրվածքների, մ աշկի խնդիրների և այլ հիվանդությունների:

 

«Ամռան ամիսներին հայերը հիմնականում Սևանա լիճ և Սև ծով են գնում՝ հանգստանալու նպատակով, և այնտեղ մի շարք սխալներ են անում: Թե մեծերը, և թե երեխաները չպետք է ցերեկվա ժամերին դուրս գան ծով: Սխալ է նաև մի քանի ամսական երեխային տանել ծով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Ասմարյանը:

 

Մաշկաբանի խոսքով՝ ծովային հանգստից վերադառնալուց հետո հաճախ են դիմում բժշկի՝ տարբեր խնդիրներով: «Վառված մաշկին մածուն կամ ձեթ չի կարելի քսել: Ամենաճիշտը սառը ջրով լոգանքն է: Անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ խմել և չուտել դժվարամարս սնունդ»,-նշեց Ասմարյանը:

 

Մասնագետի համոզմամբ՝ ամռանը հաճախ է դիտվում մաշկի չորություն, և անհրաժեշտ է այս ժամանակահատվածում լայն հագուստ կրել, որպեսզի մարմինը շնչի, շատ հեղուկ օգտագործել, գլուխը պաշտպանել ծածկոցներով, քայլել այն վայրերում, որտեղ արև չկա: Բացի այդ, նա խորհուրդ է տալիս օգտագործել տարատեսակ պաշտպանիչ քսուքներ՝ վստահելի արտադրողներից: