Թուրքիայի նորընտիր նախագահ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է դառնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նման ամբողջատիրական վերահսկողություններ ունեցող նախագահ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Շաքարյանն ընդգծեց, որ Էրդողանի հաղթանակն սպասելի էր:
«Ընտրություններն անցել են համեմատաբար արդար և թափանցիկ ձևով: Նախքան ընտրություններն ընդդիմությունը նշել էր, որ իշխանությունը գովազդային ավելի շատ հնարավորություններ է ունեցել, սակայն ընդդիմությունը զբաղված էր միայն Էրդողանին քննադատելով: Ընտրողների 70 տոկոսը՝ 39 միլիոնից ավելի մարդ, մասնակցել է քվեարկությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արտակ Շաքարյանը:
Թուրքագետի համոզմամբ հաղթողը հստակ կանխատեսելի էր: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը հավաքել է քրդերի, հայերի և այլ փոքրամասնությունների ձայները: Սակայն դեռևս սխալ է խոսել Էրդողանի հաղթանակի մասին: Առջևում դեռ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններն են: Երեկ իր ելույթում Էրդողանն ասաց, որ իր նպատակն է փոխել սահմանադրությունը: Էրդողանի պլանն է հաղթել և ունենալ գերիշխող մեծամասնություն խորհրդարանում: Մյուս կողմից՝ Դեմիրթաշի համար նախագահական ընտրությունները խորհրդարանական ի նախապատրաստություն էր»,-նշեց Շաքարյանը:
Թուրքագետը համոզված է, որ հայկական հարցի մասին բացասական մոտեցում ունի Թուրքիայի բնակչության 90 տոկոսը, և եթե հաղթեր Իհսանօղլուն, ապա ավելի վատ կլիներ: Էրդողանը չարյաց փոքրագույնն է:
Արտակ Շաքարյանի կարծիքով, Թուրքիայում մինչև սահմանադրության փոփոխություններն ամենահզոր մարդը վարչապետն է: «Այժմ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտածում է, թե ում նշանակի վարչապետի պաշտոնին: Օրինակ, Աբդուլա Գյուլը կլինի չենթարկվող վարչապետ: Թեկնածուի պաշտոնում ամենաշատը շրջանառվում է ներկայիս ԱԳ նախարարի՝ Ահմեդ Դավութօղլուի անունը, որը կարող է լինել Էրդողանի կամակատարը»,-նշեց նա: