Սոչիում նախագահների հանդիպումը որոշակիորեն հեռացրեց ռազմական լայնածավալ գործողությունների վտանգը, սակայն պատերազմի վտանգը չզրոյացրեց: Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: «Ես ցանկանում եմ, որ մենք շատ հստակ գիտակցենք, որ պատերազմի հավանականությունը երբեք զրո չի եղել ողջ զինադադարի ընթացքում: Վերջին օրերին այդ հավանակաությունը բավական աճել էր, սակայն Սոչիի հանդիպումից հետո այն կրկին նվազեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բեքարյանը:
Հարցին, թե որքանո՞վ այս հանդիպումը զարկ կտա բանակցային գործընթացին, քաղաքագետը պատասխանեց, որ այս հարցում էական դեր ունի երկու հանգամանք. «Առաջինը՝ համանախագահների կամքը համատեղ աշխատելու՝ անկախ միմյանց հետ ունեցած հակասություններից այլ տարածաշրջաններում: Երկրորդ՝ Ռուսաստանի՝ որպես այս փուլը նախաձեռնողի հաստատակամությունը շարունակականություն ապահովելու նաև քաղաքական էլեմենտի ներքո: Այս երկու գործոններն են, որոնք մեզ մոտակա ժամանակահատվածում ցույց կտան, թե որքանով է հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը զարգացոոմ ապրում»,- ասաց քաղաքագետը:
Բեքարյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը գոնե որոշակի ժամանակի համար հասկացել է, որ ռազմական արկածախնդրություններն իր համար արդյունավետ չեն, հետևաբար ուշադրությունը պետք է սևեռի քաղաքականին:
Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին: