Երևանի բուհերի իրավագիտության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսումնաարտադրական պրակտիկայի ծրագրի մասնակից մի խումբ ուսանողներ դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ կամավորության սկզբունքով մասնակցելու նախարարության կողմից իրականացվող հանրային իրազեկման արշավին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվությա ն եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, արշավի շրջանակներում ուսանողներն այսօր' օգոստոսի 13-ին, կազմակերպել են ակցիա, որի ընթացքում քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակման' նախարարությունում գործող արագ արձագանքման թեժ գծի համարները տեղադրել են մեքենաների դիմապակիներին և բաժանել վարորդներին:

 

Ուսանողները այնուհետև հանդիպել են նաև նախարարության համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանին: Վերջինս համառոտ ներկայացրել է նախարարության կառուցվածքը, գործառույթները, աշխատանքների կազմակերպման եղանակները: Նորայր Բալայանը խոսել է նաև նախարարության ծրագրային և ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակների, մասնավորապես, նոտարիատի ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի և պրոբացիոն ծառայության ինստիտուտի ներդրման գործընթացների մասին:

 

Ուսանողները հետաքրքրվել են նաև դատապարտյալների պահման պայմաններով, ինչին ի պատասխան, Նորայր Բալայանը նշել է, որ շուտով բացվելու է «Արմավիր» ՔԿՀ-ն, խնդիրները լուծվելու են փուլային տարբերակով: «Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է օրենսդրական լուծումների ապահովմամբ, ինչից հետո կներդրվեն հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն ինստիտուցիոնալ լուծումներ: Աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում են պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքները»,-նշել է նախարարության ներկայացուցիչը:

 

Ի պատասխան ուսանողների՝ նախարարության հետ կապը հնարավորինս սերտացնելու առաջարկին, Բալայանը նշել է, որ նախարարությունը մշտապես բաց է և խրախուսում է շահագրգիռ անձանց, մասնագետների հետ համագործակցությունը:

 

 

Նախօրեին ուսանողներն այցելել են նաև ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, գործառույթներին, ծրագրերին, մասնավորապես, անչափահաս դատապարտյալների վերաինտեգրման խնդիրներին: Բացի այդ, քննարկվել են նաև մասնագիտական արհեստավարժությանը, էթիկային, հաշվետվողականությանը, հակակոռուպցիոն վարքագծին վերաբերող հիմնահարցեր:

 

Քննարկման ընթացքում ուսանողները ներկայացրել են առաջարկություններ, խնդիրների լուծման իրենց մեխանիզմները, ինչպե ս նաև պատրաստակամություն են հայտնել անչափահասների հետ աշխատանքում կամավորական աջակցություն ցուցաբերելու հարցում:

 

Հանդիպումները տեղի են ունեցել «ԼԻԳԼ ԸԼԱՅՆՍ» իրավաբանական ընկերության և «Ինտեգրիտի Էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի աջակցությամբ: