Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Ժան-Ֆրանսուա Մանսելը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանի լարվածության կապակցությամբ դիմել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Մանսելը հարցում է ուղարկել Ֆաբիուսին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից անմիջապես հետո: Նա հիշեցրել է արտգործնախարարին, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է և կոչված է ուղիներ փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

 

«Ես հարցրել եմ, թե ինչ է ֆրանսիական կառավարությունը մտածում այս հարցի շուրջ և ինչ քայլեր են նախատեսվում հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով»,-ասել է Ֆրանսուա Մանսելը: