Ռուսաստանի Դաշնության «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում ընթացող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումների արդյունքում 12 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մասնակից պետությունների' Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերի շարքում ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմերը շարունակում են բարձր ցուցանիշներ արձանագրել' ևս մեկ անգամ ապացուցելով հայկական զինված ուժերի մարտական և մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը:
«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում ներառված են ամենատարբեր բարդ ու անկանխատեսելի փորձություններ' ցամաքային և ջրային արգելքների հաղթահարում, հրաձգություն շարժման ընթացքում և կանգնած դիրքից, հետապնդում, էստաֆետ, առանձին մարզական փուլ և այլն:
Մրցաշարի' առաջին օրերին անցկացված անհատական մրցումներից հետո հաջորդ մի քանի օրերին 12 երկրների տանկիստների միջև թեժ պայքար է ընթացել նաև սպրինտում ու հետապնդման մրցույթում:
Առաջին օրերի արդյունքներով արդեն ձևավորվել է առաջատարների խումբը, սակայն մրցումների հաղթողին որոշելը դեռ վաղ է: Ընդհանուր թիմային հաշվարկում, որը ձևավորվում է տվյալ երկրի երեք անձնակազմերի՝ բոլոր մրցույթներում վաստակած միավորների հանրագումարով, Հայաստանն այս պահի դրությամբ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։
Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդում՝ Ղազախստանը, երրորդում՝ Չինաստանը: Իհարկե, այս արդյունքները վերջնական չեն, ամեն ինչ դեռ կարող է փոխվել:
Մեկ հետաքրքիր փաստ ևս. տանկային բիաթլոնում առավել բարձր և կայուն ցուց անիշներ են գրանցում նախկին խորհրդային պետություններից ժամանած մասնակիցները՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի թիմերը, ինչը, թերևս, կարելի է բացատրել ուսումնական ծրագրերի և օգտագործվող տեխնիկայի նմանությամբ: Առաջին հնգյակին հետևում են համապատասխանաբար Հնդկաստանը, Ղրղզստանը, Վենեսուելան, Մոնղոլիան ու Անգոլան:
Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Քուվեյթի տանկիստները: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հայկական զինված ուժերը ներկայացում են երկու սպա և պարտադիր ժամկետային զինծառայողներ' այն դեպքում, երբ մասնակից մյուս պետությունների թիմերում գերակշռում են պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև բիաթլոնի նախորդ մրցույթներին մասնակցած անձնակազմերը:
«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումների շրջանակում դեռևս առջևում են անձնակազմերի սպորտային վարժություններն ու 4 լավագույն տանկային անձնակազմերի միջև պաքարը։ Մասնակից երկրները շարունակում են հանդես գալ ուժերի առավելագույն լարումով, անել առավելագույնը հաղթանակի հասնելու համար:
Անհատական, հետապնդման, էստաֆետի մրցափուլերում բոլոր մասնակիցները ձգտելու են բարելավել իրենց ցուցանիշները՝ նպաստելով թիմային ընդհանուր հաղթանակին: Անձնակազմերն անցնելու են արագընթաց ճանապարհներով, ծանծաղուտներով, հաղթահարելու են հակատանկային խրամներ և այլ խոչընդոտներ՝ փորձելով խուսափել տուգանային վայրկյաններից:
Տարբեր հեռավորություններից կրակելու են «տանկ», «ուղղաթիռ», «նռնականետային հաշվարկ» թիրախների վրա: Մրցումների վերջին օրը էստաֆետի մրցուղի դուրս կգան չորս լավագույն տանկային անձնակազմերը:
Ինչ խոսք, միջազգային այս մրցումը առաջնահերթ դիտարկվում է որպես մարտական պատրաստության միջոցառում, որի նպատակն է բարձրացնել անձնակազմերի մասնագիտական պատրաստվածությունը, բացահայտել ռազմական տեխնիկայի և սպառազինության իրական ու ամբողջական հնարավորությունները' նպաստելով զրահատանկային զորքերի զարգացմանը:
Բացի այդ, լայն հնարավորություններ են ստեղծվում նաև զինծառայողների մարտական պատրաստականության կատարելագործման համար:
«Տանկային բիաթլոն-2014»-ը կեզրափակվի օգոստոսի 16-ին: