Ադրբեջանի քաղաքացի, հանցագործ Օրհան Զեյնալովը, ով 2013 թվականի հոկտեմբերին սպանել էր մոսկվայաբնակ Եգոր Շչերբակովին, լիահույս է, որ Բաքվի իշխանությունները կտեղափոխեն իրեն Ադրբեջան'«պատժը հայրենիքում կրելու»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Զեյնալովի իրավապաշտպանը տեղեկացրել է, որ իրենք արդեն բանակցություններ են վարում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության հետ, որպեսզի վերջինս ազդի դատարանի որոշման վրա: Այդուհանդերձ, եթե հանցագործ Զեյնալովի արտահանձնումը հնարավոր չլինի, իրենք ցանկանում են մեկ այլ դիմում ներկայացնել Ռուսաստանի դատախազություն, որպեսզի փորձեն նրան տեղափոխել Հյուսիսային Կովկասի կալանավայրերից մեկը:
Պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր հանցագործ քաղաքացուն պատիժը կրելու պայմանով հայրենիք տեղափոխելու, իսկ այնտեղ նրան ազատ արձակելու նման փորձառություն արդեն ունի: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի օրինակը պետք է մշտապես լինի ռուսական արդարադատության աչքի առաջ, որպեսզի հանցագործներն այլևս չհայտնվեն ազատության մեջ, առավել ևս չստանան «ազգային հերոսի» կոչում:
Օրհան Զեյնալովը 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հարձակվել էր Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովի վրա և թիկունքից ու կրծքից դանակահարել նրան: Քննության սկզբում մեղադրյալը նշում էր, թե կատարվածն ինքնապաշտպանություն է եղել, սակայն հետագայում սկսեց ամբողջովին հերքել կատարվածը: Զեյնալովը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման: Նրա իրավապաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը: