Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկրի նախագահ ընտրվելուց հետո օրակարգ է մտել նոր վարչապետի եւ առանցքային նախարարությունների ղեկավարների նշանակման հարցը: Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մեջ բանակցությունների ներկայիս փուլում վարչապետի պաշտոնի համար ամենաշատը շրջանառվում է ներկայիս արտագործնախարար Ահմեթ Դավութօղլուի անունը: Նշվում է, որ Թուրքիայի վարչապետ եւ ԱԶԿ-ի առա ջնորդ դառնալու ամենամեծ հավանականությունն ունի հենց Դավութօղլուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ներում Թուրքիայի նոր կառավարության ձեւավորման շուրջ շրջանառվում է Դավութօղլուի փոխարեն Ազգային հետախուզական կազմակերպության ներկայիս ղեկավար Հաքան Ֆիդանի կամ Եվրամիության հարցերով նախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու հարցը:
Ենթադրվում է, որ թուրքական կառավարության կազմում որոշակի փոփոխություններ կկատարվեն, իսկ մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, ով Էրդողանի մերձավորն է, կդառնա նախագահի եւ կառավարության միջեւ կապերը համակարգող գլխավոր դեմքը: