Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յըլմազը, Զաքիր Հասանովը եւ Իրակլի Ալասանիան օգոստոսի 8-ին կհանդիպեն Նախիջեւանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը' հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքին:
Այցի ընթացքում ծրագրվում է նախարարների հանդիպում Նախիջեւանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ: Նախարարները կհանդիպեն նաեւ առանձին եւ եռակողմ ձեւաչափերով: Այցը կշարունակվի մինչեւ օգոստոսի 19-ը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը Ադրբեջան կայցելի նաեւ սեպտեմբերի 11-13-ին Բաքվում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության կողմից անցկացվելիք ADEX-2014 միջազգային ցուցահանդեսին:
Բաքվում մտադիր են Թուրքիայի ՊՆ ղեկավար Իսմեթ Յըլմազին առաջարկել թուրքական ռազմաբազա տեղակայել Նախիջեւանի տարածքում: Նշվում է, որ այդ իրավունքը Թուրքիան ունի որպես Կարսի պայմանագրով Նախիջեւանի հովանավոր: Սակայն, Ադրբեջանում մոռանում են, որ այդ նույն պայմանագրով, Նախիջեւանի հովանավոր է հանդիսանում նաեւ Ռուսաստանը: