Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-28-ին՝ «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս տարի ևս հանրապետության բազմաթիվ պետական և մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը, դռները կբացեն նաև այն հուշարձան-հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար:

 

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվելիք միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, վկայակոչված են ապահովելու մի հուզական ճամփորդություն՝ ճանաչելու մշակութային ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության՝ պատմաճարտարապետական կոթողների և հոգևոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները և վերարժևորելու հայ մարդու' մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը:

 

Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի միության համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում: