Արցախի Հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 180 հանցագործություն: Արդյունքում՝ դրանց ընդհանուր թվաքանակը նվազել է 23,7%-ով կամ 56 դեպքով' նախորդ տարվա 236-ի համեմատ:

 

Ըստ ԼՂՀ ԿԱ ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված գերատեսչական հաշվետվության' հանրապետությունում հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում պակասել է նաև հանցավորության գործակիցը. նշված ժամանակահատվածում 10 հազար բնակչի հաշվով հանցագործությունների թիվը կազմել է 12,2 դեպք՝ նախորրդ տարվա 16-ի փոխարեն:

 

Միևնույն ժամանակ, հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են մարդու (13,3-ից 17,1%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (20,9-ից 34,8%), սեփականության ( 33,3-ից 35,4%) դեմ ուղղված հանցագ ործությունների մասնաբաժինները։ Փոխարենը նվազել են տնտեսական գործունեության (15,1-ից 1,8%) ու պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (12,9-ից 8,5%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:

 

Տարվա առաջին կիսամյակում 39-ով նվազել են նաև միջին ծանրության, 17-ով՝ ծանր և մեկով՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում արձանագրվել է սպանության մեկ փորձ (աճը՝ 0-ից 1), միևնույն ժամանակ՝ մեկով (2-ից 1) նվազել են սպանության և չորսով՝ (12-ից 8) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, իսկ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի քանակը մնացել է անփոփոխ (5-5):

 

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում արձանագրված աճը (47-ից 57) պայմանավորված է խուլիգանությունների (5-ից 11) և լատենտային բնույթ կրող այնպիսի հանցագործությունների աճով, ինչպիսիք են հրազեն, ռազմամթերք պահելը և պատրաստելը (12-ից 29):