Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պատժի կրման հաստատությունների 46 բանտարկյալներ ցանկություն են հայտնել ծառայել ադրբեջանական բանակում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած նամակում քրեական հանցագործությունների համար տարբեր ժամկետներով ազատազրկման ենթարկված դատապարտյալները հայտնել են, որ պատրաստ են մասնակցել «առաջին գծում մղվող մարտերին»:

 

Ինչպես երեւում է, ադրբեջանցի բանտարկյալները հուզվել են վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի դիվերսիաների արդյունքում մեծ թվով ադրբեջանցի զինվորների ոչնչացմամբ ավարտված Ադրբեջանի զինված ուժերի կրած խայտառակ պարտությամբ եւ որոշել են լրացնել սեփական ազգային բանակի շարքերը:

 

Բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե այդ պարտությունից շոկի մեջ հայտնված Ալիեւը սեփական բանակի շարքերը լրացնի քրեական հանցագործներով, քանի որ ադրբեջանական բանակում ներկայում քրեական հանցագործների թվի պակաս ընդհանրապես չի զգացվում:

 

Դրա ապացույցն այն է, որ ադրբեջանական բանակում ներկայում ծառայում է Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովը, ով հերոսացվել է Ադրբեջանում: Մյուս հանճարեղ օրինակը Շամխորի կորպուսի հրամանատար, Ադրբեջանի ազգային «հերոս» Ռովշան Աքպերովն ու մյուս գեներալներն ու սպաներն են, որոնք սկզբից առեւանգեցին, իսկ հետո խոշտանգեցին եւ սպանեցին հայ գյուղացուն' Կարեն Պետրոսյանին: