Երևանի Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի հոկտեմբերի կեսերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 22-ի ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Բարեկարգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին, սալահատակների շինարարությունն ամբողջությամբ ավարտված կլինի: Այստեղ օգտագործվում են կոշտ նյութեր՝ նախկին սվաղի փոխարեն, բնական քարեր: Փոխվել են տարածքի ծաղկամանները, թփերի փոխարեն նախատեսված է ծառեր տեղադրել: Սա այն է, ինչ մենք մշտապես ցանկացել ենք, սակայն հիմա է հնարավոր դարձել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նարեկ Սարգսյանը:
ՀՀ քաղաքաշինության նախարարի խոսքով, պողոտայում լինելու է նոր լուսավորություն, ինչպես նաև տեղադրվելու են ժամանակակից քանդակներ:
«Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի Մերգելյան ինստիտուտից այնտեղ բերել Քոչարի քանդակը և այլ քանդակներ: Հնարավոր է, որ Արտո Չաքմաքչյանի գործերից տեղադրենք»,-նշեց նա:
Նախարարը հավելեց, որ պողոտայում աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն ցանկություն կա ուղղաձիգ կանաչապատում ապահովել այնտեղ:
Հյուսիսային պողոտան իրար է կապում օպերայի շենքը և Հանրապետության հրապարակը։ Երկարությունը ավելի քան 500 մ է։ Պողոտայի կազմի մեջ մտնում են բնակարաններ, ռեստորաններ, խանութներ և գրասենյակներ։