Վարչապետի պաշտոնում նշանակված նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կտրականապես չի հավատում Եվրամիությանն անդամակցությանը եւ ցանկանում է Թուրքիայի առաջնորդությամբ իսլամական միություն ստեղծել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական»T 24» լրատվական կայքում հրապարակած հոդվածում հայտարարել է Մարմարայի համալսարանի միջազգային հ արաբերությունների ֆակուլտետի դասախոս Բեհլուլ Օզքանը' մեկնաբանելով այն հարցը, թե ինչ քաղաքականության է հետեւելու Դավութօղլուն վարչապետի պաշտոնում:

 

Օզքանը 1990-2000 թվականներին Դավութօղլուի հրապարակած 300-ից ավելի հոդվածների ուսումնասիրությունից հետո եզրակացրել է, որ Դավութօղլուի նպատակը «եղբայրակից' համախոհ իսլամիստ խմբերի իշխանությամբ Մերձավոր Արեւելք ստեղծելն է», որի առաջնորդը պետք է լինի Թուրքիան:

 

Օզքանի խոսքով, Դավութօղլուն իր նոր Մերձավոր Արեւելքի մասին խոսելիս ոչ մի անգամ չի օգտագործել «դեմոկրատիա» բառը, ավելին, նա համոզմունք է հայտնել, որ Օսմանյան կայսրությունից հետո Մերձավոր Արեւելքում ստեղծված բոլոր պետություններն արհեստածին են, ազգային չեն եւ պետք է հիմնված լինեն իսլամական միասնության գաղափարի վրա:

 

«Դավութօղլուն կտրականապես չի հավատում Եվրամիությանը եւ համոզված է, որ Եվրոպան թուրքերին չի ընդունելու իր շարքերը: Հետաքրքիր է, որ Դավութօղլուի այդ մտքերը սեփական հանրության շրջանում չեն հարցաքննվում: Ավելին, համարում են անպարտելի եւ ճշմարիտ: Բայց մոռանում են, որ Թուրքիան միջին կարգի երկիր է, եւ պետք չէ տարվել նման երազանքներով: Նամանավանդ, որ այսօրվա Թուրքիան անգամ չի կարողանում ազատագրել իսլամիստ ահաբեկիչների կողմից Մոսուլում պատանդ առնված իր դեսպանատան 49 աշխատակիցներին», -նշել է նա:

 

Այս առնչությամբ ուշագրավ է 2014 թվականի օգոստոսի 23-ին թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակված Ամբերին Զամանի հոդվածը, որտեղ նա նշում է, որ Դավութօղլուն «ոչ թե նեո-օսմանական է, այլ պան-իսլամիստ»:

 

Թուրք միջազգայնագետ դասախոսը հոդվածում համոզմունք է հայտնում, որ «իսլամի կարեւոր ֆիգուր» հանդիսացող Դավութօղլուի' վարչապետի պաշտոնում վարելիք քաղաքականությունը հիմնված է լինելու երազանքների վրա: