Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները եւ աշխարհի ցանկացած ծայրում ապրող մարդը, որ կուզենա տեղեկանալ Մարտունու անցուդարձին, այսուհետ կարող են լսել «Ռադիո Մարտունի» օն-լայն ռադիոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ռադիո Մարտունի» քաղաքային ռադիոյի հիմնադիր եւ տնօրեն լրագրող Լիանա Հովհաննիսյանը, նման գաղափար ինքը վաղուց է ունեցել, դեռ 2012-ից ձեռքի տակ եղած միջոցներով ձայնագրել ու հանրությանն է ներկայացրել իր գործունեությունը քաղաքացիական սեկտորում: Երբ 2013 թվականին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետ սոցիալական նորարարական գաղափարների հավաք է հայտարարել, Լիանան Մարտունիում ռադիո ստեղծելու ի ր ցանկությունը ձեւակերպել եւ ներկայացրել է խորհրդի ուշադրությանը:
Ժյուրիի անդամները, ի թիվս այլ գաղափարների, հավանության են արժանացրել նաեւ Մարտունիում օն-լայն ռադիո ստեղծելու ծրագիրը եւ ռադիոտեխնիկա ձեռք բերելու համար հատկացրել համապատասխան ֆինանսավորում:
Մեկնարկը տրվել է http://www.spreaker.com/ ռադիոտիրույթ տրամադրող կայքում: «Առանձին ռադոհոսթին կտեղափոխվենք, երբ ունենանք անհրաժեշտ քանակով մշտական ունկնդիրներ, հետեւողներ եւ, իհարկե, ֆինանսներ»,- նշեց Լիանան:
Առայժմ պլանավորվել է եթեր հեռարձակել շաբաթական երկու հաղորդում: Իրադարձային նյութերից բացի, կպատրաստվի ու եթեր կհեռարձակվի թեմատիկ շարք' նվիրված Մարտունու տարածաշրջանին: Առաջին թողարկումից հետո հեղինակը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել ռադիոունկնդիրներից:
Խոսրով Խլղաթյան