Այս վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ երբ իրավիճակը մի քիչ վատանում է, մենք շատ ավելի հեշտ ենք իրար հետ կարողանում լեզու գտնել և շատ ավելի հեշտ է ստացվում միասնական ու համախմբված լինել: Այս մասին Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանը:

 

Նշենք, որ լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և World Vision Հայաստանի աջակցությամբ:

 

Արմեն Ղուլյանի խոսքով՝ պետք է այնպես անենք, որ սովորական օրերին, առօրյա գործերի ընթացքում, չվնասենք և չխաթարենք մեր ազգային միասնությունը կազմող այս բոլոր հիմքերը, որպեսզի հետագա մեր գործողություններում միշտ էլ կարողանանք հպարտանալ մեր բանակով, հասարակական համերաշխությամբ, նաև տնտեսական-սոցիալական խնդիրները հաղթահարելու ունակությամբ: «Քանի որ մենք սեպտեմբերի 2-ի նախօրյակին ենք գտնվում, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է, արդեն 23-րդ տարի է, որ մենք սկսել ենք խոսել անկախ ԼՂՀ-ի մասին, այս քսան և ավելի տարիների ընթացքում մեզ իսկապես հաջողվել է պետական շինարարության այս բոլոր քայլերը ու ճանապարհն անցնել հաստատակամ, անցնել՝ թիկունքում ունենալով մայր Հայաստանի աջակցությունը, ունենալով նաև ամբողջ սփյուռքի օժանդակությունը»,- ասաց նա:

 

Ազգային ժողովի ղեկավարի կարծիքով՝ սա միայն Արցախի և արցախցու տոնը չէ: «Մենք հայկական երկրորդ հանրապետությունը ստեղծելով և այդ պետությունը կերտելով՝ փաստորեն, կարողացել ենք մեր երկար տարիների, մի քանի դարերի այս ազգային փափագը և երազանքն իրականացնել: Ես չգիտեմ՝ ինչքան է շարունակվելու այսպես՝ երկու հայկական հանրապետություն ունենալով, բայց ինչքան էլ շարունակվելու լինի, մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել, հնարավորություններ ստեղծել, որպեսզի անկախ նրանից, թե հայն այստեղ որտեղ է ապրում՝ Արցախի ամենասահմանամերձ գյուղում, որը շատ մոտ է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին կամ Հայաստանի սահմանամերձ գյուղերում կամ Երևանի կենտրոնում, մենք միշտ էլ պետք է զգանք, որ շատ կարևոր առաքելություն ունենք»,- ասաց Ղուլյանը: