ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի կարող սոցիալապես անապահով մարդկանց ապահովել միջոցներով, որովհետև իր ֆինանսական միջոցները բացառապես աշխատավարձային են: Այս մասին օգոստոսի 27-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց ինքը' նախարարը: Աշոտյանը զարմացել էր այն փաստից, որ շատ դպրոցների աշակերտներ և՛ աշխատում են, և՛ սովորում:

 

«Ես ցանկանում եմ նրանց հետ հանդիպել և հասկանալ, թե ինչպես են աշխատում, ինչ հոգսեր ունեն, հասկանալու իրենց մտահոգող խնդիրները և ինչպես անել, որ դա չազդի իրենց կրթության վրա: Զարմացա, որովհետև լրատվամիջոցներն են հաճախ գրում, որ Հայաստանում կա մեծ գործազրկություն, և այդ մեծ գործազրկության պարագայում ինչու՞ են երեխաներն աշխատում: Ուզում եմ նաև դա հասկանալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:

 

Աշոտյանի խոսքով, ինքը միացել է «Սառցե դույլ» ֆլեշմոբին հենց այդ խնդրի վրա ուշադրություն սևեռելու նպատակով: «Շնորհակալ եմ, որ բազմաթիվ մարդիկ ինձ գրեցին և զանգահարեցին և հիմա նույնիսկ արշավ են սկսել նման երեխաներին գրենական պիտույքներով ապահովելու համար»,-նշեց նախարարը:

 

ՀՀ ԿԳ նախարարն օգոստոսի 27-ին մասնակցեց հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Նախարարը զրուցեց խորհրդակցության մասնակիցների հետ, պատասխանեց նրանց հարցերին: