Թուրքիայի միակ հայկական գյուղի' Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավարությունը մտադիր է նոր նախագծեր իրականացնել' գյուղին նոր շունչ հաղորդելու համար: Այդուհանդերձ, այդ ծրագրերի իրականացման համար զգալի օգնություն է անհրաժեշտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

Օգոստոսի 31-ին Վաքըֆլըի հայկական եկեղեցու հիմնադրամը նախատեսում է զոհաբերություն (մատաղ) անել Ստամբուլի Քընալըադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Արարողությանը ներկա է գտնվելու նաև Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

 

Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Ջեմ Չափարը հայտնել է, որ նման արարողություն իրենք կատարում են ամեն տարի: Նա ուրախությամբ հայտնել է, որ Հաթայ նահանգում գտնվող Վաքըֆլը գյուղում հայկական եկեղեցու վերակառուցումից հետո զգալի հոսք է սկսվել դեպի գյուղ: Այդուհանդերձ, նա նշել է, որ իրենք ունեն նոր ծրագրեր հայկական գյուղի վերակենդանացման հետ կապված, որոնք, սակայն, պահանջում են շուրջ 450 հազար թուրքական լիրա (ավելի քան 210 հազար ԱՄՆ դոլար) գումար:

 

Ուշադրություն հրավիրելով լեզվական խնդրին' Չափարը նշել է, որ իրենք ցանկանում են հայերենի դասընթացներ բացել: «Առանց այն էլ քչացել ենք: Գյուղի բնակչությունը 600 էր, այժմ դարձել է 330: Նախկինում մեր կարիքներն ինքներս էինք հոգում, սակայն այժմ Ստամբուլի կարիքն ունենք: Անհրաժեշտ է, որ ամեն ոք ձեռք ձեռքի տված կյանք տա այս գյուղին:

 

Դպրոց ունենք, սակայն չկա հայերենի դասընթաց: Հայոց լեզվի դասավանդումը երկրորդ գործոնը կարող է դառնալ, որ այստեղից արտագաղթը նվազի: Այլապես դատապարտված ենք վերանալու»,- ասել է Չափարը' հավելելով, որ ինքն էլ աստիճանաբար կորցնում է լեզուն: Նրա հավաստմամբ' հայոց լեզու դասավանդող բերելու պարագայում, Հաթայի համալսարանը կհոգա բոլոր ծախսերը:

 

Ջեմ Չափարն անդրադարձել է նաև գյուղում հայ կանանց կողմից մուրաբաներ, լիկյորներ պատրաստելու գործընթացին' ընդգծելով, որ դրանցից իրենք ոչ միայն զգալի շահույթ են ստանում, այլև խթան են ունենում գյուղը չլքելու համար: