Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչության համար ամենակարեւոր խնդիրներից մեկը քաղաքային գերեզմանոցի արտաքին եւ ներքին ճանապարհների բարեկարգման խնդիրն է: Փոշոտ կամ ցեխակոլոլ ու անհարթ ճանապարհները հուղարկավորության կամ սգո այլ արարողությունների ժամանակ տհաճություն են պատճառում հարազատների շիրիմներին այցելող մարդկանց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, խնդրին լուծում տալու նպատակով Մարտունու քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 7 միլիոն 982 հազար դրամ, որով նախատեսվում է գերեզմանոց տանող ճանապարհի բարեկարգում, գերեզմանոցի ներսի ճանապարհների հարթեցում եւ խճապատում, ավտոկայանատեղիի լայնացում ու բարեկարգում:
Աշխատանքները սկսվել են այս տարվա օգոստոսի 8-ից եւ կավարտվեն հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Բարեկարգման աշխատանքներն իրականացնում են «Մոսե-Արամ» ՍՊԸ շինարարները:
Խոսրով Խլղաթյան