Կալիֆորնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձեւի ընդունումը ստեղծում է դրական մթնոլորտ, երբ ամբողջ աշխարհին ու հատկապես Ադրբեջանին հասկանալի է դառնում, որ մեկնարկած գործընթացն այլեւս հնարավոր չէ կանգնեցնել: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, բանաձեւի ընդունման ամենակարեւոր արդյունքը հենց սա է:

 

«Այս ճանաչումը կխթանի, որպեսզի այլ նահանգներ էլ ճանաչեն , բայց դա չի նշանակում, որ որեւէ ձեւով սկզբունքորեն կփոխվի ճանաչման մթնոլորտը: Դրա համար պետք է արտաքին քաղաքականության ռազմավարության գործոններն աշխատեն: Անշուշտ, նման ճանաչումները մթնոլորտ են ստեղծում, եւ ավելի հստակ է դառնում արտաքին աշխարհին, որ կա գործընթաց, որը հնարավոր չէ կանգնեցել: Այդ գործընթացն այս պահին քաղաքական զարգացումների տեսքով է գնում, բայց չի բացառվում, որ այն իրավական զարգացում էլ ստանա»,-ասաց Սերգեյ Մինասյանը:

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը օգոստոսի 27-ին 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Բանաձևը սենատին ներկայացրել է սենատոր Քևին դե-Լեոնը' նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազան ց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալ ազատ-անկախ հայրենիք' չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ նշեց սենատորը: Բանաձևի օգտին ելույթ ունեցան նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:

 

2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին օրինագիծը, որը խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին եւ կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին' սատարել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը: Բանաձևի հեղինակն է ամերիկացի կոնգրեսական Մայք Գատոն:

 

Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' որպես անկախ և ինքնիշխան պետություն: Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասա չուսեթսը և Ռոդ Այլենդը:

 

2013 թվականի ապրիլի 10-ին և մայիսի 5-ին ԼՂՀ անկախությունը հատուկ բանաձևով ճանաչել են համապատասխանաբար Մեյն և Լուիզիանա նահանգների օրենսդիր մարմինները' կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին' «աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը, ժողովրդավար անկախությանը եւ միջազգային հանրության կառուցողական ջանքերին' ուղղված ԼՂՀ-ի ներգրավմանը' այդ կարևոր տարածաշրջանում հասնելու տևական հակամարտության արդար եւ երկարաժամկետ լուծմանը»: 2012 թվականի մայիսի 17-ին Ռոդ Այլենդի ներկայացուցիչների պալատն ընդունել էր ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև, իսկ 2012 թվականի օգոստոսի 6-ին նույնանման որոշում էր ընդունել Մասաչուսեթսի ներկայացուցիչների պալատը: Մերիլենդ նահանգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեջ է բերել իր պաշտոնական բանաձևերից մեկում: