ՀՀ քաղաքացիներին խաղաղության և համերաշխության գաղափարի շուրջ համախմբելու նպատակով «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին կանցկացվի «Խաղաղության, միասնության և համերաշխության» երթ:

 

Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին «Երիտասարդություն» ՀԿ աշխատանքային խմբից, երթն անցկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր աջակցության ներքո:

 

Երթը կմեկնարկի Ազատության հրապարակից, Մաշտոցի պողոտայով կընթանա մինչև Երևանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Այնտեղ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների և Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղակաների կողմից սպանված խաղաղ ժողովրդի:

 

«Այս երթի նպատակն է խաղաղ միջոցներով ևս մեկ անգամ ցույց տալ, որ հայ ազգը համախմբված է արտաքին և ներքին մարտահրավերների դեմ, պատրաստակամ է միավորվել և միացյալ ուժերով պաշտպանել Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային անձեռնամխելիությունը և հայ ազգի խաղաղ ու արժանապատիվ գոյությունը պատմական տարածքներում, ինչպես նաև Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղակաների կողմից սպանված խաղաղ ժողովրդի»,- նշել է ՀԿ նախագահ Գ. Մկրտչյանը:

 

Նա նաև հավելել է, որ երթը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարության նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաև խաղաղապահ խմբի ներկայությամբ: