Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը օգոստոսի 30-ին ընդունել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Յ. Ջավադյանը վարչապետին է ներկայացրել Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ, որով նախատեսվում է ոռոգովի դարձնել Մարտակերտի շրջանի մինչև 18 հազ. հեկտար հողատարածք:

 

Ա. Հարությունյանը, կարևորելով նախագծի նշանակությունը, այն պատմական է անվանել' նշելով, որ դեռևս խորհրդային տարիներին քննարկվում էր Սարսանգի ջրերը ինքնահոս եղանակով գյուղատնտեսակն նպատակներով օգտագործելու հարցը:

 

Վարչապետի խոսքով, ծրագիրը տնտեսական մեծ նշանակություն է ունենալու Արցախի և մասնավորապես Մարտակերտի շրջանի համար, քանի որ դրա իրականացման արդյունքում ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության և ինքնաբավության հարցերում այն մեծ ազդեցություն է ունենալու:

 

Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագծի ներկայացման համար և համոզմունք հայտնել, որ, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, միջոցներ կգտնվեն այն հնարավորինս արագ կյանքի կոչելու համար:

 

Հանդիպմանը մասնկացում էին շահագրգիռ կառույցների ղեկավարներ: