Շառլ Ազնավուրին ուղղված կոչը՝ չեղյալ հայտարարել Մոսկվայում կայանալիք համերգը՝ ի պաշտպանություն հայ գործարար Լևոն Հայրապետյանի, «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի նախաձեռությունը չէ, բայց շտաբը ողջունում է նմանատիպ նախաձեռնությունները, որով հայերն աշխարհի տարբեր ծայրերից հանդես են գալիս: Այս մասին Tert.am-ին ասաց շտաբի անդամ, լրագրող Արմինե Սիմոնյանը։
Նա նկատեց, որ հաշվի առնելով, թե համերգի կայացման համար որքան միջոցներ ու ժամանակ է ծախսվել, կոնկրետ ինքը կնախընտրեր, որ համերգը կայանա, սակայն հենց համերգի ժամանակ Ազնավուրը ևս մեկ անգամ այս հարցի առնչությամբ հայտարություն անի։
«Նախ' ցանկալի է, որ այդ նախաձեռնությունները ո´չ միայն մնան Ֆեյսբուքայն էջերում, այլ նաև' իրականություն դառնան։ Դա մեր նախաձեռնությունը չէ, բայց ես ինքս գտնում եմ, որ ավելի նպատակահարմար կլինի, որ մեր մեծ շանսոնյեն գնա Ռուսաստան' իր համերգային ծրագրով, և ևս մեկ անգամ անդրադառնա մեր հայրենակից Լևոն Հայրապետյանի' կալանքի տակ առնված լինելու հանգամանքին և իր խոսքն ասի»,-նշեց նա։
Նշենք, որ Շառլ Ազնավուրի համերգը կկայանա Մոսկվայի «Կրոկուս Սիթիում»՝ 2014 թ.-ի հոկտեմբերի 3-ին:
Արմինե Սիմոնյանը հիշեցրեց, որ Շառլ Ազնավուրը կալանավորման հենց առաջին օրերից հայտարարությամբ է հանդես եկել և ՌԴ իշխանություններին կոչ արել իրավական հարթությունում արդար գործընթացներ ապահովել։
Անդրադառնալով բուն շտաբի գործունեությանը՝ նա նկատեց, որ այս ընթացքում տեղեկություն են ստացել, թե իրենց կողմից ԱԺ-ին ուղղված նամակը, որում կոչ է արվում ԱԺ-ին' դիմել Ռուսաստանի Պետդումային' համապատասխան հայտարարությամբ հանդես գալու կոչով, տեղ է հասել, և պատասխանը չի ուշանա։
Իսկ ՌԴ դեսպանատանը հանձնված նամակից դեռ տեղեկություն չունեն, բայց հետևողական են. «Գրեթե ամեն օր զանգահարում ենք, որպեսզի իմանանք' արդյո՞ք ուսումնասիրել են օգոստոսի 7-ի երթի ժամանակ փոխանցված նամակը, արդյո՞ք միջնոդությամբ պատրասվում են հանդես գալ, թե՞ ոչ, բայց ամեն անգամ տարբեր հեռախոսահամարներ են տալիս, ասում են' չգիտենք' ով կարող է ձեզ տեղեկություն տալ, փոխանցում են մեկ ուրիշ համար կամ չեն պատասխանում։
Արդեն մեկ շաբաթից ավելի է' մենք չենք կարողանում ՌԴ դեսպանատնից տեղեկություն ստանալ»,-նշեց նա։