Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ֆրանսիական «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի դեմ ճնշումները շարունակվում են նաեւ բանտախցում, ինչի մասին նա նամակով տեղեկացրել է իր իրավունքների պաշտպանության կոմիտեին Բաքվի թիվ 1 քրեակատարողական հիմնարկից հղած նամակում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից, լրագրող Խադիջա Իսմայիլովան:

 

Նրա խոսքով,' Յունուսի նկատմամբ ճնշում է գործադրում նրա հետ միեւնույն բանտախցում պահվող Նուրիդա Հուսեյնովան, որը նախկինում դատված է եղել բազմաթիվ անգամ:

 

Այդ կինը մշտապես գոռում է Յունուսի վրա եւ սպառնում ծեծել նրան: Լեյլա Յունուսը հայտնել է, որ այդ կնոջ դուստրը օպտիկայի խանութ ունի Բաքվի Ադրբեջան պողոտայում: Լ.Յունուսի հետ 12 քառ.մ մակերեսով բանտախցում պահվում է եւս 5 մարդ:

 

Կոմիտեի անդամները հայտարարել են, որ իրավապաշտպանին եւ կրկնահանցագործին միեւնույն բանտախցում պահելն անօրինական է:

 

Լեյլա Յունուսին Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 30-ին ձերբակալել են պետական դավաճանության եւ այլ հանցագործությունների մեջ մեղադրանքներով: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա Յունուսին ճանաչել է «խղճի բանտարկյալ»:

 

Լեյլա Յունուսի իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Ջամիլ Հասանլին այսօր Բաքվում հայտարարել է, որ իրավապաշտպանների, հասարակական ակտվիստների եւ լրագրողների ձերբակալություններով իշխանություններն ընդդիմության նկատմամբ ճնշում են գործադրում' օգտագործելով զրպարտություններ, ստեր եւ կեղծարարություններ: Նա ասել է, որ նման «մեղադրանքներով» երեկ ձերբակալվել է նաեւ «Ազադլըգ» թերթի թղթակից Սեյմուր Հազին:

 

Անդրադառնալով Նախիջեւանում իրավապաշտպան Իլգար Նասիբովի գազանային ծեծին' Ջամիլ Հասանլին ասել է, այդ բոլորը ֆաշիստական Գերմանիայի մեթոդներ են, որոնք հրեաների դեմ կիրառվել են անցյալ դարի 30-ական թվականներին: Նա նշել է, որ Forbes հանդեսը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված աղետալի իրավիճակը համեմատել է Հյուսիսային Կորեայում առկա բռնատիրական ռեժիմի հետ:

 

Ջամիլ Հասանլին հայտնել է, որ Լեյլա Յունուսի իրավունքների պաշտպանության կոմիտեն մտադիր է բարեգործական մարաթոն անցկացնել քաղբանտարկյալներին օգնություն ցուցաբերելու համար:

 

Ի դեպ' Նախիջեւանում գազանային ծեծի ենթարկված Իլգար Նասիբովը բուժման նպատակով այսօր մեկնել է Թուրքիա: Սահմանն անցնելուց հետո նրան շտապ օգնության մեքենայով տարել են Վանի հիվանդանոցներից մեկը:

 

Իլգար Նասիբովը օգոստոսի 21-ի երեկոյան գազանային ծեծի էր ենթարկվելՈչ կառավարական կազմակերպությունների եւ ժողովրդավարության Ռեսուրսային կենտրոնում: Նրա կինը, ով եւս իրավապաշտպան է, ԶԼՄ-ներին հայտնել է, որ ամուսնուն ծեծի են ենթարկել Նախիջեւանի անվտանգության նախարարության աշխատակիցները: Տեղական եւ միջազգային դեմոկրատական հանրությունը զայրութ է հայտնել այդ դաժան ակտի առնչությամբ' գնահատելով դա որպես իշխանությունների վրեժ' Նախիջեւանում մարդու իրավունքների խախտումների բացահայտման համար: Նախիջեւանի իրավապահ մարմիններն անգամ քրեական գործ չեն հարուցել Նասիբովին ծանր մարմնական վնասվածք հասցրած անձանց հայտնաբերելու եւ պատժելու համար: