Հայկական երկրորդ հանրապետությունում՝ Արցախում, սեպտեմբերի 1-ն սպասված և սիրելի տոներից է: ԼՂՀ-ում Գիտելիքի, գրքի և դպրության օրվան մշտապես մեծ ուրախությամբ են պատրաստվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը նշեց, որ այս տարի Արցախի 219 դպրոցներ առաջին անգամ ոտք կդնի 2400 փոքրիկ: «Նախորդ տարվա համեմատությամբ՝ 150-ով ավելի առաջին դասարանցի ունենք: Ընդհանրապես, վերջին հինգ տարիների ընթացքում առաջին դասարանցիների ընդունելության աճ է գրանցվում: Եթե 5 տարի առաջ եղել է 1800-1900 երեխայի ընդունելություն, ապա վերջին երկու տարում արդեն 2000-ից ավելի աշակերտներ ենք ընդունում: Հաջորդ տարի երևի թե 2500-ից ավելի աշակերտներ ընդունենք»,-նշեց Սլավա Ասրյանը:

 

Այս և հաջորդ տարվա ընդունելությունների աճը ԼՂՀ ԿԳ նախարարը պայմանավորում է «Ղարաբաղյան մեծ հարսանիքով», երբ 2008 թվականին Արցախում միանգամից գրեթե 700 ընտանիքներ կազմվեցին: Այդ ծրագիրն աննախադեպ էր ոչ միայն Արցախի, այլև տարածաշրջանի համար: Հենց այդ ամուսնություններից ծնված երեխաներն արդեն սկսում են դպրոց հաճախել:

 

Սեպտեմբերի մեկը տոն է նաև արցախցի ուսանողների համար, ովքեր առաջին անգամ ոտք կդնեն բարձրագույն ուսումնական հաստատություններ:«Առաջին կուրս այս տարի կգնա 505 պատանի և երիտասարդ, ընդ որում՝ 70-ը կսովորեն Հայաստանի բուհերում: Արցախում այսօր ունենք երկու պետական բուհ՝ Արցախի պետական համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսրանի Ստեփանակերտի մասնաճյուղը: Ունենք նաև երեք ոչ պետական բուհեր»,-նշեց ԿԳ նախարարը:

 

Սլավա Ասրյանն ընդգծեց, որ բոլոր շրջաններում անցկացվել են օգոստոսյան խորհրդակցություններ: «Քննարկվել են նախորդ ուսումնական տարվա առաջարկները և նոր ուսումնական տարվա խնդիրները: Ընդհանուր առմամբ՝ դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան: Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ հինգ նոր դպրոցական շենքեր կտրվեն շահագործման: Ուսումնական տարվա ընթացքում կշարունակվի ևս հինգ շենքերի շինարարություն: Ութ նախադպրոցական հիմնարկների շինարարությունը ևս ընթացքում է: Դրանցից մեկը կգործի սեպտեմբերից»,-նշեց նա:

 

Նախարարի խոսքով՝ որոշակի քանակությամբ գույք է ձեռք բերվել ուսումնական հաստատությունների համար՝ դասագրքեր, ուսումնական, մեթոդական գրականություն, կավիճ, այն ամենն, ինչ անհրաժեշտ է պարապմունքներն սկսելու համար:

 

«Կադրերի համալրման աշխատաքներն ընթացքում են, մրցույթներ են հայտարարված թափուր տեղերի համար»,-եզրափակեց ԼՂՀ ԿԳ նախարարը:

 

Արցախում հայալեզու առաջին դպրոցը Ամարասի վանքում հիմնել է Մեսրոպ Մաշտոցը։ Հետագայում բացվել են այլ վանքերին կից դպրոցներ։ Կրթական համակարգը լուրջ վնաս է կրել արցախյան պատերազմի տարիներին, որի ընթացքում ամբողջությամբ այրվել կամ ավերվել են 49 դպրոց, 29 նախադպրոց, հիմնարկ և 50 գրադարան։ ԼՂՀ կրթությունը նոր վերելք է ապրել անկախացումից հետո։ 2006-2007 ուսումնական տարվանից Արցախի դպրոցներն անցել են 12-ամյա եռաստիճան միջնակարգ կրթության։