Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր, Գիտելիքի օրվա կապակցությամբ, այցելել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց:

 

Նախարարը շնորհավորել է նրանց նոր ուսումնական տարվա առթիվ և մանկության տարիներից մի դրվագ հիշել:

 

«Ես շատ մտերիմ մի ընկեր ունեի նախադպրոցական տարիներին, որի հետ միշտ միասին էինք խաղում. կարելի է ասել, որ անբաժան ընկերներ էինք: Երբ եկավ դպրոց գնալու ժամանակը, ես կարծում էի, որ մենք նույն դասարանում ենք սովորելու, բայց ոչ, միասին սովորել հնարավոր չէր, քանի որ նա տեսողության որոշակի խնդիրներ ուներ: Այդպես շփումը քիչ-քիչ դադարեց: Այդ կապը վերականգնվեց միայն տարիներ անց՝ սոցիալական ցանցերի շնորհիվ: Հիմա նա շատ հեռու է ապրում, բայց ես շատ ուրախ եմ, որ նրա կյանքում ամեն ինչ ստացվել է: Նա դասավանդում է դպրոցում: Իմանալով, որ ես այստեղ եմ գալու, խնդրեց, որ ես ձեզ փոխանցեմ իր շնորհավորանքներն ու հետևյալ բառերը, որ կյանքը շատ գեղեցիկ է, կյանքը շատ պայծառ է, իսկ մնացածը, թե ի՞նչ գույներով այդ կյանքը կտեսնեք, արդեն ձեզնից է կախված, կախված է նրանից, թե ինչպե՞ս դուք կսովորեք, թե ինչպե՞ս կնվիրվեք ձեր ուսմանը և երկրին»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման մեջ և բոլոր ձեռնարկումներում:

 

Նախորդ ուսումնական տարում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին նախարարը գովասանագրեր է հանձնել, իսկ երեխաները կատարել են ՀՀ օրհներգը, որին հաջորդել է երդման արարողությունը: