Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ է ժամանելով' հանդիպել է Արցախի խորհրդարանի՝ Լիտվայի հետ բարեկամության խմբի անդամներին: Լիտվական պատվիրակության կազմում էին խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, անվանի քաղաքական գործիչ ու լրագրող Ռիմվիդաս Վալատկան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են օրենսդրական, կրթական, գիտական, մշակույթի և առողջապահության ոլորտներին:

 

Այնուհետև Լիտվա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Լիտվայի Սեյմասում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը, նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համար միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ էր:

 

Լիտվա-Արցախ բարեկամության խմբերի նախագահներ Դալիա Կուոդիտեն և Վահրամ Աթանեսյանը ԼՂՀ ԱԺ նախագահին են ներկայացրել աշխատանքային քննարկման արդյունքները:

 

Լիտվայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Դալիա Կուոդիտեն իր խոսքում նշել է, որ բարեկամության խմբի ստեղծման ժամանակ իրենք առաջնորդվել են այն գաղափարով, որ Արցախն առաջինն է նախկին Խորհրդային Միությունում բարձրացրել ազատության դրոշը և Արցախի ձայնը պետք է այժմ էլ լսելի լինի միջազգային հանրության կողմից:

 

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին պարգևատրել է Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

 

Լիտվայի Սեյմասի պատվիրակությանն ուղեկցում էին Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը և «Լիտվա-Հայաստան ֆորում»ի համադրող Արմեն Հայրապետյանը: