Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիքներ հայտնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի բաժնի ղեկավար Էլդար Սուլթանովը:
Հակիրճ անդրադառնալով քննչական-հետախուզական աշխատանքներին, որոնք տարվել են ադրբեջանական կողմում, Սուլթանովը նշել է, որ Լեյլա Յունուսն իր ամուսնու' Արիֆ Յունուսովի հետ Ադրբեջանի մի շարք քաղաքացիների, ում անունները չեն հայտարարվում, ներգրավել են հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու գործում:
Ըստ Սուլթանովի' Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը կարողացել են հայկական կողմին փոխանցել ադրբեջանական զորամասերի և ռազմավարական տարբեր օբյեկտների գտնվելու վայրերը:
Լեյլա Յունուսին Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 30-ին ձերբակալել են պետական դավաճանության և այլ հանցագործությունների մեջ մեղադրանքներով: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա Յունուսին ճանաչել է «խղճի բանտարկյալ»: