Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը աննախադեպ երևույթ է համարում: Նրա գնահատմամբ' Կալիֆորնիայի սենատի ընդունած բանաձևը լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, եթե Հայաստանի և ԼՂՀ արտաքին դիվանագիտությունն այն համալրի գործնական քայլերով: «ԱՄՆ-ը դաշնային պետություն է, ամեն նահանգ ունի իր օրենքները: Արցախն իրավունք ունի իր ներկայացուցչությունը բացել Կալիֆորնիայում և համապատասխանաբար' Կալիֆորնիայի ներկայացուցչությունը բացել Ստեփանակերտում, ինչպես նաև իր ապրանքն արտահանել այնտեղ' «Արտադրված է Արցախում» ծագման վկայականով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց փորձագետը:

 

Կալիֆորնիան ԱՄՆ նահանգների շարքում' առաջինն, իսկ աշխարհում' ութերորդն է իր տնտեսությամբ: Այն Ադրբեջանից տարածքով մեծ է 7, բնակչությամբ' 6, իսկ տնտեսությամբ' 30 անգամ: Շահնազարյանը բացառում է նաև տեխնիկական խոչընդոտների առկայությունը Արցախի ապրանքը Կալիֆորնիա արտահանելու համար, քանի որ ԼՂՀ արտադրանքը Կալիֆորնաիայում արդեն վաճառվում է' պարզապես որպես ծագման երկիր նշվում է Հայաստանի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղը Կալիֆորնիա է արտահանում հիմնականում ոգելից խմիչք և պահածոներ:

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատն օգոստոսի 27-ին 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը:

 

Կալիֆորնիայից բացի Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը, ինչպես նաև Ավստրալիայի ամենամեծ' Նոր Հարավային Ուելս նահանգը: