Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի' սեպտեմբերի 3-ին Ադրբեջան կատարած այցը, որը ադրբեջանական պաշտոնական շրջանակները ներկայացրեցին որպես «մեկ ազգ, երկու պետության», «հավերժ եղբայրության» ցուցադրություն, միանշանակ չի ընդունվել ադրբեջանական հասարակության մեջ:
Առանձին հանդիպումից հետո լրագրողների առաջ Էրդողանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի' իրար հավատարիմ լինելու, բոլոր բնագավառներում, հատկապես, Հայաստանի եւ համայն աշխարհի հայության դեմ միասնաբար գործելու մասին երդումները զուրկ չեն խաբուսիկ լինելուց, քանի որ մինչ այդ այցը, ինչպես նաեւ Էրդողանի' դեռեւս Թուրքիայի վարչապետ աշխատելու տարիներին երկու երկրների միջեւ հարաբերություններում լուրջ անհամաձայնությունները դեռեւս շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, անդրադառնալով թեմային, ադրբեջանական «Ազադլըգ» թերթը ուշադրության է հրավիրում Էրդողանի Բաքու այցի մի քանի ասպեկտներին:
Թերթը նշում է, որ երդմնակալության արարողության ժամանակ Էրդողանն ընդգծել էր, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը լինելու է Եվրամիությանն անդամակցությունը, եւ հիշեցնում, որ Թուրքիայի առեջւ ԵՄ-ի դրած գլխավոր պայմաններից մեկն էլ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն է: «Բայց Էրդողանը Բաքվում գտնվելու ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները չի վերականգնի մինչեւ չլուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ինչը նշանակում է, որ այս հարցում խիստ հակասություններ կան», - գրում է թերթը:
Այն ուշադրության է հրավիրում եւս երկու հանգամանքի: Առաջինն այն է, որ մինչ Էրդողանի Բաքու այցը ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանի կովկասյան համալսարանը ոչ մի դեպքում «չի փակվելու»:
«Եթե նկատի ունենանք նուրսիստների դեմ Էրդողանի կողմից խիստ կարեւորվող պայքարը, այդ համալսարանի հետ կապված հայտարարությունը չէր կարող վրիպել նրա ուշադրությունից: Բացի այդ, Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ Ադրբեջանում' Թուրքիայի քաղաքացիների քվեարկությանն իր մրցակիցների նկատմամբ Էրդողանի բացահայտ պարտությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանության շրջապատում գտնվող թուրք գործարարները դեմ են նրա նախագահ լինելուն: Դժվար չէ կռահել, որ նշված այս հարցերը քննարկման առարկա են եղել կողմերի միջեւ»,- շարունակում է թերթը:
Թեմայի հետ կապված թերթի հետ զրույցում «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն հայտարարել է, որ Էրդողանի համար Գյուլենի (նուրսիստների) շարժումն ընդդիմությունից ավելի վտանգավոր է, եւ Թուրքիայի ղեկավարը ցանկանում է վերացնել արտասահմանում այդ շարժման հենակետերը:
«Էրդողանի այցի արդյունքները ավելի պարզ կդռանան որոշ ժամանակ հետո: Բայց, կասկած չկա, որ այդ այցի ընթացքում քննարկված գլխավոր հարցերից մեկն էլ եղել է Գյուլենի շարժումը: Էրդողանին զայրացրել է այն, որ ընտրություններում Ադրբեջանում քվերակած թուրք քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը ձայնը տվել է իր մրցակիցներին:
Դա խոսում է այն մասին, որ Գյուլենի շարժմանը հետեւող անձինք ուժեղ են Ադրբեջանում: Էրդողանի համար Գյուլենի շարժումը ներկայում ամենավտանգավորն է: Էրդողանն այդ շարժումը ցանկանում է վերացնել ոչ միայն իր երկրի ներսում, այլեւ աշխ ատում է չեզոքացնել արտասահմանում այդ շարժման հենարանները:
Գյուլենի շարժման ամենամեծ հենարանն էլ Ադրբեջանն է», -ասել է Շահինօղլուն եւ հավելել, որ, ամենայն հավանականությամբ, Էրդողանն այդ խնդրի հետ կապված ինչ-որ պահանջներ է դրել Ալիեւի առաջ: