Դամասկոսի Ջոբար թաղամասում շարունակվում են թեժ բախումները սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախօրեին բանակը զինյալների գրաված թունելներ է ոչնչացրել, վնասազերծել է մի քանի պայթուցիկ սարք ավորումներ: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

 

Աղբյուրի տեղեկացմամբ, 320 զինյալներ Դամասկոսի Բասիմա գյուղում վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Նրանք պարտավորվել են չձեռնարկել քայլեր, որոնք ուղղված կլինեն հայրենիքի անվտանգության ու խաղաղության դեմ: Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, 254 զինյալներ Մդայա գյուղում հանձնվել են իշխանություններին: Օգոստոսին սիրիական իշխանություններին հանձնված զինյալների թիվը գերազանցել է 800-ը:

 

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ, կառավարական ուժերը ռմբակոծում են Դամասկոսի գյուղերը: Սեպտեմբերի 4-ին Դեր Զոր-Դամասկոս ճանապարհի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Համաձայն աղբյուրի՝ ռմբակոծությունն իրականացրել են կառավարական ուժերը, իսկ սիրիական աղբյուրները մեղադրում են զինված խմբավորումներին: