ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Սիրիայի ազատ բանակի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին՝ ավելացնելով, որ Վաշինգտոնը դեռ մտադիր չէ օգտագործել Սիրիայի ազատ բանակը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ պայքարում:

 

«Մենք նախկինի պես աշխատում ենք ազատ բանակի հետ և շարունակում տարբեր ձևերով օժանդակել նրանց»,- նշել է Պսակին:

 

Պսակին հերթական անգամ խիստ քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչների հետ' չնայած ազատ բանակի գործողությունները քննադատության են արժանանում:

 

ՄԱԿ-ը բազմիցս ազատ բանակին մեղադրել է երեխաներով իր շարքերը համալրելու մեջ: Մյուս կողմից'Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկություններով, բանակը զանգվածային սպանություններ է իրականացրել, առևանգել և բռնությունների է ենթարկել երեխաներին:

 

Սիրիայի ազատ բանակը երկրում ընդդիմադիր գլխավոր խմբավորումներից է, որն ավելի քան 3 տարի պայքարում է Բաշար ալ Ասադի իշխանության դեմ: