Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս բարձրացրեց արտագաղթի վերաբերյալ հարցը:

 

«Դա այն խնդիրն է, որն ամենևին ընդդիմության կամ իշխանության խնդիրը չէ: Այս խնդիրը կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ, ունի արդեն և շարունակում է: Դեմոգրաֆիկ լուրջ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում: Մենք այս ընթացքում ամիսներ շարունակ շատ լուրջ ուսումնասիրություններ ենք անցկացրել այս դաշտում: Պարո′ն Սահակյան, խնդրում եմ հնարավորություններ ստեղծեք, որպեսզի այդ ուսումնասիրությունները հասու դառնան մեր խորհրդարանին, մեր բոլոր պատգամվորներին:

 

Հարցն այն է, որ մենք ուսումնասիրել ենք այս տասը-տանսհինգ տարվա ընթացքում բոլոր միջազգային կառույցների՝ Հայաստանում դեմոգրաֆիկ փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրությունները»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով՝ իրենք անհրաժեշտ են համարում, որ խորհրդարանը պարտավոր է իմանալ Հայաստանում ընթացող դեմոգրաֆիկ գործընթացների մասին:

 

«Մենք առաջարկում ենք, դուք որոշեք կարգը, դա կարող է լինել լրիվ բաց, կարող է լինել փակ: Բայց հարցի քննարկումը թիվ մեկ անհրաժեշտության խնդիր է, թիվ մեկ մարտահրավեր է Հայաստանի այսօրվա վիճակի համար»,- ասաց Արամ Մանուկյանը: