Հայաստանի էսթետիկ վիրաբույժները իրենց պատրաստվածությամբ չեն զիջում օտարերկրյա իրենց գործընկերներին, սակայն միաժամանակ կարիք ունեն սովորելու նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

 

«Այսօր աշխարհում համատարած նորագույն տեխնոլոգիաներ են օգտագործում, իսկ մենք շատ հետ ենք: Պատճառը նորագույն տեխնոլոգիաների կախումն է մեծ ֆինանսական ներդրումներից, որոնցով, որպես կանոն, պետք է զբաղվեն պետական մարմինները և ոչ թե մասնավոր հատվածը», - հավելեց Արմեն Հովհաննիսյանը:

 

Պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահը օրինակ բերեց բջջային տեխնոլոգիաները, որոնք, բացի էսթետիկ վիրաբուժությունից, կիրառվում են նաև ընդհանուր բժշկության մեջ: Ըստ նրա, Հայաստանում այդ խնդիրը փորձում են լուծել մասնավոր սեկտորի շրջանակներում, սակայն այն նոր տեխնոլոգիաները պետական մակարդակով ներդրվելու կարիք ունեն:

 

Լրագրողների հետ հանդիպումը պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահի հետ կապված էր Գեղեցկության համաշխարհային օրվա հետ, որը նշվում է սեպտեմբերի 9-ին: Այն աշխարհում նշվում է 1995 թվականից: