Ռուսաստանը, 2013 թվականի արդյունքներով, Եվրոպայում հանգստացող զբոսաշրջիկների թվով տեղ Է գրավել երկրների թոփ-3-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքը՝ վկայակոչելով Զբոսաշրջության եվրոպական հանձնաժողովի տվյալները:

 

Այդ ցուցակի առաջատարը մնում Է Գերմանիան, որի քաղաքացիները տուրիստական բոլոր այցելությունների 14 տոկոսը կատարել են Եվրոպա: 9 տոկոս բաժնով նրան հաջորդում Է Մեծ Բրիտանիան, երրորդը Ռուսաստանն է (6 տոկոս):

 

Դրա հետ մեկտեղ ռուսական շուկան ցուցադրել Է լավագույն դինամիկան. Եվրոպա այցելությունների աճը 2012 թվականի համեմատությամբ կազմել Է 13 տոկոս: Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, իրենց հերթին, ցույց են տվել այցելությունների թվաքանակի համեմատաբար ոչ բարձր աճ:

 

Ռուսաստանից հետո Եվրոպային զբոսաշրջիկների գլխավոր մատակարարների վարկանիշում Ֆրանսիան Է, Նիդեռլանդները եւ Իտալիան:

 

Մինչդեռ, Ռոստուրիզմի տվյալների համաձայն, 2014 թվականի առաջին կիսամյակում ռուսաստանցիների կատարած արտասահմանյան տուրիստական ուղեւորությունների թիվը 2013 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել Է 3 տոկոսով եւ հասել 20,139 միլիոնի:

 

Զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող երկրներն են՝ Ֆինլանդիան, ուր 2,195 մլն տուրիստական ուղեւորություն Է կատարվել, Թուրքիան (1,794 մլն), Ուկրաինան (1,593 մլն): Եգիպտոսը, որն ավելի վաղ զբաղեցնում Էր առաջին-երկրորդ տեղերը, հայտնվել Է հինգերորդ հորիզոնականում (1,348 մլն ճանապարհորդություն): Նրանից առաջ Է անցել Ղազախստանը՝ 1,461 մլն ուղեւորություն:

 

Զբոսաշրջիկների նախընտրած երկրների տասնյակում տեղ են գտել նաեւ Աբխազիան (1,116 մլն ուղեւորություն), Էստոնիան (878 հազար), Չինաստանը (802 հազար), Լեհաստանը (786 հազար), ինչպես նաեւ Թաիլանդը (744 հազար), որն ավելի վաղ զբաղեցնում Էր վարկանիշի ավելի բարձր հորիզոնականները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: