Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի գլխավորությամբ աշխարհի 40 երկրներ որոշել են համատեղ պայքարել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած տարածաշրջաններում Իսլամական պետություն հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ, միջազգային մամուլում փաստաթղթեր են ի հայտ եկել ԻԼԻՊ-ի մարտիկների' Թուրքիայում պետական միջոցներով բուժում անցնելու վերաբերյալ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը' այսօր հրապարակած «ԻԼԻՊ-ի մարտիկները բուժվում են պետական միջոցներով» վերնագրով հոդվածում:

 

 

Թերթը փաստաթղթեր է ձեռք բերել այն մասին, որ ԻԼԻՊ-ի մարտիկները, ովքեր վիրավորվել են օգոստոսին ԱՄՆ-ի կողմից սկսված ռմբահարումների ժամանակ, բուժում են ստանում Թուրքիայի հարավարեւելյան քաղաքների հիվանդանոցներում: Նշվում է, որ Ուրֆայի հիվնադանոցում բուժում է անցնում անգամ ԻԼԻՊ-ի առաջնորդի անվտանգության տնօրեն Ահմեթ ալ Է.-ն, ով օգոստոսի 20-ին Ռաքքայի ռմբահարումների ժամանակ զրկվել էր ձախ ոտքից:

 

 

Թերթը հայտնում է, որ օգոստոսի սկզբին Ուրֆայի Աքչաքալեի սահմանակետով Թուրքիա են բերվել ԻԼԻՊ-ի 8 բարձրաստիճան հրամանատարներ, որոնք վիրավորվել էին ռմբահարումների արդյունքում: Նրանք բոլորը բուժում են անցնում Ուրֆայի տարբեր հիվանդանոցներում: