Շատ հստակ է, որ այսօր իշխանությունն առաջնահերթ դարձրել է Սահմանադրական բարեփոխումների հարցը, և կարծես հիմնական բովանդակությունն այն է, որ պետության զարգացմանը խոչընդոտում է գործող Սահմանադրությունը: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Վերջինիս խոսքով՝ ինչպես իրենք, այնպես էլ շատ քաղաքական ուժեր, այն կարծիքին են, որ Հանրապետությունում չկա Սահմանադրական ճգնաժամ. «Կա ճգնաժամ, բայց այն քաղաքական է, և, մեր գնահատմամբ, իշխանությունն ուզում է այդ քաղաքական ճգնաժամն ուղղել դեպի սահմանադրական ճգնաժամ, որն, ըստ էության, այդպես չէ: Միջազգային պրակտիկայում ևս կան դեպքեր, որ քաղաքական ճգնաժամ է լինում, և իշխանությունները փորձում են դա շեղել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս համոզմունք հայտնեց, որ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունները ոչինչ չեն տա, քանի որ գործող կետերը չեն իրականացվում: