ՀՀ ոստիկանության համակարգի' ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը 2014 թ. սեպտեմբերի 12-ին www.policemonitoring.org կայքէջում հայտարարություն է զետեղվել, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ և ճանապարհին անհետացել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի առնչությամբ կառույցը հանդես է եկել պարզաբանմամբ:

 

«Հրապարակումն ապատեղեկատվություն է և ունի նախապատմություն:

ՀՀ ոստիկանության կողմից 21.08.2014 թ. թիվ 2/2-1-2003 գրությամբ դիտորդների խմբի համապատասխան հարցման վերաբերյալ տրվել էր մեկնաբանություն, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

 

Դիտորդների խումբը հիմք չընդունելով ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունը՝ 02.09.2014 թ. գրություն է ուղարկում ՀՀ ԱՆ ՔԿՎ և խնդրում տեղեկատվություն տրամադրել՝ այս տարի ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ «Հեղինե Հայկազի Հասրաթյան» (ոչ Հեղինե Հայկազի Հարթենյան) անուն-ազգանունով կալանավորված անձ մուտք գործե՞լ է, թե՞ ոչ:

 

08.09.2014 թ. ստացվում է պատասխանը, որ «Հեղինե Հայկազի Հասրաթյան» կալանավորված անձ ՀՀ ԱՆ ՔԿՎ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի հաշվառումներով չի անցնում: Իսկ այդ ընթացքում Հեղինե Հարթենյանի (ոչ թե Հ եղինե Հասրաթյանի) նկատմամբ կիրառվել էր կալանավորման այլընտրանքային խափանման միջոց' գրավը, որի հիման վրա 26.02.2014 թ. նա ազատ էր արձակվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ից:

 

Փաստորեն, դիտորդների խմբի, մեղմ ասած, անփութության պատճառով սխալ անձնական տվյալներ են տրամադրվել ՀՀ ԱՆ ՔԿՎ, և միանգամայն սպասելի պատասխանից հետո անձի անհետացման անհիմն մեղադրանք է ներկայացվել ոստիկանությանը:

 

Հետայսու հասարակությանը չապակողմնորոշելու և նման «թյուրիմացություններից» զերծ պահելու համար դիտորդական խմբին խորհուրդ ենք տալիս լիարժեք ու բարեխիղճ կատարել սեփական պարտականություններն ու իրապես համագործակցել ոստիկանության հետ՝ մեր ընդհանուր խնդիրները պատշաճ կերպով իրականացնելու համար»,-նշված է տարածված պարզաբանման մեջ: