Հունաստանի կառավարության աջակցությամբ հոկտեմբերին Հայաստանում շահագործման կհանձնվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոցները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի հետ քննարկել է Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի իրականացման ընթացքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին և հույն ժողովրդին' հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար, ապա անցել ծրագրին վերաբերող հարցերի քննարկմանը:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց հանրապետության տարբեր շրջաններում: Մենք շնորհակալ ենք Հունաստանի կառավարությանը' ճգնաժամային պայմաններում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար», - ասել է նախարարը:
Իր հերթին դեսպան Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ խոսքերի համար և տեղեկացրել, որ ծրագրի համար պահանջվ
ող սարքավորումների վերջին խմբաքանակը շուտով կառաքվի Հայաստան:
Պատվիրակության անդամ, սպանդանոցների համար սարքավորումների « մատակարար պարոն Գ. Հացիոկիմիդիսը հավելել է, որ սեպտեմբերի վերջին Հայաստան կժամանեն հույն մասնագետներ' սարքավորումների տեղադրման աշխատանքներն ավարտին հասցնելու և հոկտեմբերի 20-ին շահագործման հանձնելու համար:
Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև Հունաստանի Հանրապետության Նախագահի առաջիկա այցին Հայաստան, որի ընթացքում Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունները նախատեսում են ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր:
Բացի այդ, այցի ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել հայ և հույն գործարարների բիզնես-հանդիպում:
Զրույցի ավարտին կողմերը գոհունակություն են արտահայտել իրականացվող ծրագրերի ընթացքի առնչությամբ և ցանկություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում: