Մոսկվան աշխարհի քաղաքների թվում երկրորդ տեղն Է զբաղեցնում դրանցում ապրող դոլարային միլիարդատերերի թվաքանակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բրիտանական Financial Times թերթը, որը հրապարակել Է Financial Times Wealth-X խորհրդատվական ընկերության եւ UBS բանկի համատեղ հետազոտությունը:
Այս վարկանիշում Ռուսաստանի մայրաքաղաքին, որտեղ 85 միլիարդատեր Է ապրում, գերազանցում Է միայն Նյու Յորքը (103): Հաջորդ տեղերում են՝ Հոնկոնգը (82), Լոնդոնը (72) եւ Պեկինը (37):
2013 թվականի համեմատ Մոսկվայում ապրող հարուստների թիվը 74-ից հասել Է 85-ի: Նրանց միագումար կարողությունը գնահատվում Է 307 մլրդ դոլար:
Հետազոտության տվյալներով՝ աշխարհում միլիարդատերերի թիվը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝ հասնելով 2325-ի: Վերջին 12 ամսվա ընթացքում մարդկանց թիվը, որոնց կարողությունը գնահատվում է մեկ միլիարդ դոլար եւ ավելի, մեծացել է 155-ով:
2014 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ բոլոր միլիարդատերերի միագումար կարողությունը գնահատվել է 7,3 տրիլիոն դոլար, այդպիսով, այդ մարդիկ աշխարհի ամբողջ հարստության 4 տոկոսի սեփականատերն են:
Հետազոտության տվյալների համաձայն՝ առավել նորաթուխ միլիարդատերերի մեծ մասը բաժին Է ընկնում ասիական տարածաշրջանին: Վերջին տարվա ընթացքում այնտեղ հսկայական կարողություն է կուտակել 52 մարդ, նրանցից 33-ը Չինաստանի քաղաքացիներ են:
Բացի այդ, մասնագետները վերլուծել են տեղեկատվությունն այն մասին, թե առավելապես որ երկրներում են ապրում աշխարհի ամենահարուստ մարդիկ: Առաջին տեղն զբաղեցնում է ԱՄՆ-ը՝ 510 մարդ, երկրորդ տեղում Չինաստանն է (190), երրորդում՝ Մեծ Բրիտանիան (130), չորրորդում՝ Գերմանիան (123): Ընդամենը Եվրոպայում ապրում է 755 միլիարդատեր, որոնց միագումար կարողությունը գնահատվում է 2,3 տրիլիոն դոլար: