Ցվետանա Պասկալևային հայկական երկու հանրապետություններում շատ են սիրում ու գնահատում: Ազգությամբ բուլղարուհի լրագրողին ու ռեժիսորին վաղուց արդեն հայ են համարում և դիմում՝ «Մեր Ցվետանան»: Պասկալևան այս փաստից ոգևորվում է և շարունակում գործունեություն ծավալել հանուն իր սիրելի Արցախի: Նոր հաղորդաշար է վարում Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, կինոնկար է նկարահանում՝ կրկին իր սիրելի Արցախի մասին:
Պասկալևայի նոր՝ «Նվիրյալները» հաղորդաշարը նվիրված է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին: Յուրաքանչյուր երկուշաբթի հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնել արցախյան ազատամարտի հաղթանակը կերտած հերոսներին:
«Հաղորդումն այն անվանի ու անանուն հերոսների մասին է, որոնց շնորհիվ մենք արցախյան ազատամարտում հաղթող դուրս եկանք: Այն ճակատագրերի, հերոսությունների, կորուստների մասին է: Պետք է հասկանալ, ովքեր են եղել այդ մարդիկ, որպեսզի իմանանք, թե ինչ արարքներ են նրանք գործել: Ընդմիշտ հիշենք նրանց անունները և իրենց կատարածը: Նրանք հասարակ մարդիկ էին: Հանկարծ հայրենիքը նրանց կանչեց, և բոլորը փոխեցին իրենց մասնագիտությունները՝ դարձան հայրենիքի պաշտպաններ ու զինվորներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ցվետանա Պասկալևան:
Պասկալևան խոստովանում է՝ հպարտ է, որ ճանաչել է նման մարդկանց: «Բոլոր հերոսներին պահում եմ իմ հոգում: Հենց նրանց հետ եմ կիսել այդ դժվարին ճանապարհը: Իմ հիշողության մեջ այդ հերոսները կենդանի են մնացել: Մտածում էի, որ նրանցից շատերը երբեք չեն մահանա, և երբեք ոչ մի գնդակ նրանց չի դիպչի: Նրանք կարծես անհաղթ էին, նրանց մահը ես առավել ծանր էի տանում, որովհետև չէի հավատում, թե նրանք կարող են լքել մեզ»,-նշեց նա:
Ցվետանա Պասկալևան մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում նոր հաղորդաշարին: «Կարծես քրքրում եմ իմ հոգին, հիշում պատմություններ՝ ցույց տալով, թե որքան թանկ ենք վճարել արցախյան ազատամարտում: Ուզում եմ, որ այդ բոլոր հերոսներին հիշեն: Որքան շատ գիտենք նրանց մասին, այնքան ուժեղ ենք: Քիչ է իմանալ անցյալի հերոսներին՝ Նժդեհին, Անդրանիկին, Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին և այլոց: Պետք է ճանաչենք նաև ժամանակակից հերոսներին, որոնք ապրում էին մեր կողքին, մեր փողոցում: Ես իմ մեջ եմ պահում այդ հերոներին, և կուզենայի ձեզ հետ էլ կիսվել»,- ասում է Պասկալևան:
Նրա խոսքով՝ արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող «Նվիրյալները» հաղորդաշարի ընթացքում կխոսեն նաև տվյալ հերոսների ընկերները, հարազատները: «Ես 23 տարի ապրում եմ այս բեռով, իհարկե, երբեմն դժվար է: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ իրենց պես ընտրյալ եմ եղել: Ես օտար մարդ էի, դարձա ձեր հարազատը: Ինձ համար շատ հաճելի է , երբ իմ մասին խոսելիս ասում են՝ «Մեր Ցվետանան»,-հավելում է Պասկալևան:
Արցախյան ազատամարտի նվիրյալն ուրախություն է զգում ամեն անգամ Ղարաբաղ այցելելիս: Պասկալևան երջանիկ է, որ Արցախը «շնչում» է նոր կյանքով: «Այնտեղ արդեն չեն երևում պատերազմի հետքերը, մարդիկ ժպտում են, նոր շենքեր են կառուցվում: Դա իսկապես տոն է: Նրանք արժանի են այդ ամենին, նրանք հաղթող են»,- համոզված է նա: Միևնույն ժամանակ Ցվետանա Պասկալևան հույս ունի, որ տարածաշրջանում պատերազմ չի վերսկսվի:
«Օգոստոսյան իրադարձություններն Ադրբեջանն օգտագործեց ստուգելու, թե որքանով ենք մենք պատրաստ: Նրանք ստացան իրենց պատասխանը: Ես հպարտ էի պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ, մեր զինվորների անսասանությամբ և այն մարդկանցով, ովքեր որոշեցին կռվել երիտասարդների հետ: Հայաստանում միասնություն էր տիրում: Այդ պահին ամենակարևոր թեման Ղարաբաղն էր և սահմանները պաշտպանելու հարցը: Հայերը միշտ էլ համախմբվում են ծանր իրավիճակներում»,- համոզված է նա:
Պասկալևան, բացի հաղորդաշարից, նոր ֆիլմ է նկարահանում Արցախի մասին: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զբաղված է նկարահանումներով: «Ֆիլմում ներրկայացվում է մի մարդկային պատմություն: Այդ մարդուն գիտեի դեռ արցախյան պատերազմի ժամանակ: Երբ պատրաստ կլինի, կասեմ ամեն ինչ»,- հավելեց նա:
Ցվետանա Պասկալևան ուրախությամբ փաստում է, որ այս տարի՝ ապրիլի 7-ին, հայկական անձնագիր է ստացել և մասնակցելու է հաջորդ ընտրություններին՝ որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի:
Ցվետանա Պասկալևան հայտնի բուլղար լրագրող է, ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ: 1991թ. մայիսից փաստագրական ֆիլմեր է նկարահանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին: 7 ֆիլմ է նկարահանել Ղարաբաղի մասին: