Անդրանատոլիական գազատարի (TANAP) թուրքական հատվածի շինարարության հիմնարկեքը նախատեսվում է 2015 թվականի մարտին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում:

 

«TANAP-ի հիմնարկեքի արարողությունը Թուրքիայում կարող է տեղի ունենալ եկող տարվա մարտին», -ասել է նա:

 

800 կմ երկարությամբ TANAP գազատարով նախատեսվում է ադրբեջանական «Շահդենիզ-2» հանքահորից տարեկան 16 մլրդ խմ գազ փոխադրել Թուրքիա, որի 6 մլրդ խմ մասը նախատեսված է Թուրքիայի ներքին պահանջարկի բավարարման, իսկ մնացած մասը' Եվրոպայի սահմաններ հասցնելու համար: Նախատեսվում է նախագծի առաջին փուլն ավարտել 2018 թվականին: Նախագծի նախնական արժեքը 12 մլրդ դոլար է, որի 30 տոկոսը պետք է վճարի Թուրքիայի BOTASH ընկերությունը, 58 տոկոսը' Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը, 12 տոկոսը' բրիտանական BP ընկերությունը:

 

Թուրքիայում զարմանք է առաջացրել TANAP-ի շինարարության նախագծի 12 մլրդ դոլար արժենալու մասին փաստը:

 

Փորձագետների համոզմամբ' ադրբեջանական գազը Թուրքիայի համար հանդիսանալու է ամենաթանկ գազը: Ըստ հաշվարկների' Թուրքիայի գնելիք գազի գինը հազար խմ-ի դիմաց գերազանցելու է 400 դոլարը: Նրանք գտնում են, որ եթե Թուրքիայի տարածքում գազի փոխադրման համար Ադրբեջանի փոխարեն ներդրումները կատարեր BOTASH-ը, ապա յուրաքանչյուր 1000 խմ-ի համար փոխադրման ծախսը չէր գերազանցի 13 դոլարը:

 

Թուրքական «Հուրիեթ» թերթը գրում է, որ թեեւ BOTASH-ը փորձել է նվազեցնել TANAP-ի փոխադրման վճարը, սակայն, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նախագծի վրա ամենամեծ ներդրումն ինքն է կատարում եւ նախատեսել է ներդրումների մի մասը վերադարձնել փոխադրման վճարի հաշվին, ինչը թուրքական կողմի համար 1000 խմ գազի դիմաց 13 դոլարի փոխարեն պետք է արժենա 90 դոլար:

 

Թուրք մասնագետները գտնում են, որ միանգամայն անհասկանալի եւ անընդունելի է TANAP-ի' 12 մլրդ դոլար արժենալու փաստը, քանի որ գազատարի համար խողովակները գնվելու են Թուրքիայից, աշխատուժը լինելու են տեղացիները: Սակայն, այլ փորձագետների կարծիքով, TANAP-ի նման ռազմավարական նախագծերին պետք է նայել ոչ միայն տնտեսական տեսակետից:

 

«2018 թվականից սկսած Թուրքիան այլեւս այլ գազ չի կարող երկիր բերել: Իսկ Թուրքիան լրացուցիչ գազի պահանջ ունի», -ասել են նրանք' նշելով, որ Թուրքիան ստիպված է եղել նման զիջումների գնալ Ադրբեջանին: