Երկրապահ կամավորականների միությունը արյան կանչով, ժամանակի հրամայականով ստեղծված կազմակերպություն է, որն, ինչպես փաստում են կառույցի բազմահազար անդամները, այսօր էլ կատարում է առաքելությունը: Ուշագրավ է, որ այսօր էլ դեռ ԵԿՄ-ին անդամակցել ցանկացողների ահռելի հոսք կա: Ի կատարումն ԵԿՄ վարչության նախագահի աշխատանքային ծրագրի՝ այս օրերին վարչության անդամները, փոխնախագահների գլխավորությամբ, ստուգայցեր են կազմակերպում մարզային խորհուրդներ և տարածքային բաժանմունքներ: Հանդիպումներն անցնում են ոգևորության մթնոլորտում: Ծաղկադրումներ, ելույթներ, պարգևների հանձնում, անդամության վկայականների տրամադրում: Նմանատիպ միջոցառում էր Իջևան քաղաքում, որն ավանդույթի համաձայն, սկսվեց ազատամարտիկների պատվին կանգնեցված հուշահամալիրին ծաղկադրման արարողությամբ:

 

Հանդիսավոր նիստի ժամանակ տարածաշրջանի եռասերունդ երկրապահները՝ պատերազմի մասնակիցներ, երիտասարդ երկրապահներ և պատանի երկրապահներ, միաբերան խոսում էին այն մասին, որ ԵԿՄ-ն, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հավատարիմ է Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամներին, անդավաճան ընթանում է Հայաստան պետության հզորացման ճանապարհով:

 

Այսօրինակ միջոցառումների անբաժան մասն է պարգևատրման արարողությունը: Սակայն, ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում, պարգևներ ստանալուց առավել սպասված է ԵԿՄ անդամատոմսերի հանձնման արարողությունը: Կազմակերպությանն անդամակցել կամեցողների բանակը ստվարանում է օրեցօր, և վարչությունը չի հասցնում բոլոր անդամագրվողներին կարճ ժամկետներում հանձնել անդամատոմսեր: Այս միջոցառման ժամանակ հանդիսավոր պայմաններում ԵԿՄ անդամության վկայականներ հանձնվեց իջևանցի մոտ հազար նորագիրներից մի քանի տասնյակին:

 

Միջոցառման ժամանակ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը փոխանցեց վարչության նախագահի հանձնարարականները, ներկայացրեց, թե արտակարգ իրավիճակների նախարարության հետ կնքված համագործակցության հուշագրի և ՊՆ-ԿԳՆ-ԵԿՄ եռակողմ հուշագրի ուժի մեջ մտնելով պայմանավորված ինչ կոնկրետ անելիքներ կան տեղերում: Ի դեպ, ԵԿՄ բաժանմունքներում, մարզային խորհուրդներում արդեն ձևավորվում են համապատասխան հանձնաժողովները, իսկ երկրապահական ակտիվի նիստերին, որպես լիիրավ երկրապահներ, մասնակցում են ԱԻՆ, ՊՆ և կրթական համակարգի ներկայացուցիչներ: