Համայնքային զարգացման մի շարք հեռանկարային ծրագրերի քննարկման նպատակով Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է մարզի Քասախ համայնք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում նախատեսված կրթական գործընթացների ուղղություններն ու հիմնական դրսևորումները դիտարկելու նպատակով Կոտայքի մարզպետը համայնքի ղեկավար Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ նախ եղել է Քասախի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ հանդիպել է մանկավարժների հետ:

 

Ուսուցչական կազմի հետ հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանն ընդգծել է կրթական բարեփոխումները դպրոցում արդյունավետորեն կիրառելու կարևորությունն ու սովորողներին որակյալ և մրցունակ գիտելիքներ մատուցելու անհրաժեշտությունը:

 

Մարզպետ Ա. Հարությունյանը պատասխանել է նաև մանկավարժների կողմից բարձրացվող հարցերին' անդրադառնալով աշխատավարձերի հնարավոր ավելացմանը, ինչպես նաև դպրոցի շարունակական զարգացումն ապահովող միջոցառումների իրականացման հրատապությանը:

 

Այս հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը նշել է կրթության բնագավառի նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածության դրսևորումների մասին, որոնք նպաստում են համակարգի գործունեության արդյունավետությանը և առաջիկայում ունենալու են իրենց շարունակականությունը:

 

Այնուհետև Կոտայքի մարզպետն այցելել է Քասախի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ևս մանկավարժների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ կազմակերպմանը:

 

Դպրոցի ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը նշել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նոր կառուցված դպրոցական շենքում հաջողված կրթական միջավայր ձևավորելու կարևոր հանգամանքը և արտահայտել Կոտայքի մարզպետարանի հստակ դիրքորոշումը տվյալ ուղղությամբ:

 

Համայնքի կենտրոնական հրապարակում մարզպետը հանդիպել է նաև քասախցիների հետ, լսել բնակիչների առաջարկություններն ու հայտնել համայնքին աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:

 

Այցելության հաջորդ կանգառը եղել է Քասախ համայնքի' փախստականներով բնակեցված թաղամասը, որտեղ գտնվող սոցիալական բնակարանների բնակիչների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը խոստացել է լուծումներ տալ վերջիններիս կողմից բարձրացված հարցերին և նրանց խնդիրները մշտապես պահել մարզային գործընթացների օրակարգի առանցքում:

 

Համայնքային այս այցելությունն ավարտվել է Քասախի գյուղապետարանում կայացած հանդիպումով, որի ընթացքում քննարկվել են համայնքի շարունակական զարգացմանը միտված մի շարք ծրագրային մոտեցումներ:

 

Քասախ համայնքի ղեկավար Ա. Մկրտչյանը ներկայացրել է վերջին տարիների ընթացքում համայնքում իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես պետական, այնպես էլ համայնքային բյուջեների միջոցներով ու միջազգային տարբեր կազմակերպությունների աջակցությամբ համայնքում իրականացված բազմաթիվ ծրագրերն ու վերջիններիս արդյունքում տարբեր ենթակառուցվածքների գործունեության բարելավմանը միտված նկատառումները:

 

Քասախ համայնքի ակտիվի հետ ծավալված այս քննարկման շրջանակներում Կոտայքի մարզպետը դրական է գնահատել համայնքում իրականացված ծավալուն աշխատանքները' միաժամանակ կարևորելով համայնքային առօրյան առաջիկայում ևս նորովի դրական նախաձեռնություններով համալրելու հանգամանքը:

 

Ա. Հարությունյանն իր ամփոփիչ խոսքում շեշտել է համայնքում շարունակական դրական զարգացումներ ապահովելու հանգամանքը և այդ գործում կարևորել համայնքի բոլոր բնակիչների շահագրգիռ դերակատարումը, ինչպես նաև համայնքային տարբեր կազմակերպությունների համախմբված ու հետևողական գործունեությունը: