Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրի շրջանակում Ավանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել են էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շենքի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների տեղակալները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ինչպես նաև շենքի բնակիչներ:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ՝ Արմեն Հարությունյանն ընդգծել է դրա արդիականությունն ու կարևորությունը և հույս հայտնել, որ ծրագիրը շարունակական կլինի:

 

Նա նաև տեղեկացրել է, որ շենքն առավել հարմարավետ դարձնելու նպատակով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կազմակերպվել են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք ևս նպաստել են ծրագրի արդյունավետության բարձրացմանը:

 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին և աջակից բոլոր կառույցներին ծրագրի հաջողված ընթացքի և արդյունավետ համագործակցության համար:

 

Շենքի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով դրա բարձր սեյսմակայունությունը, այստեղ գործող կենտրոնացված ջեռուցման համակարգը, ինչն իր հերթին թույլ է տվել առավել հիմնավոր պատկերացում ունենալ, թե որքանով արդյունավետ կարող է լինել տվյալ մոտեցումը:

 

Աշխատանքները ներառել են շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանհարթակներում դռների և պատուհանների փոխարինում և տանիքի ջրամեկուսացում։

 

Շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել ծրագրի հաջող իրագործման և ստեղծված հարմարավետ պայմանների համար, ինչպես նաև ընդգծել են ծրագրի արդյունավետությունը:

 

ՄԱԶԾ դիտարկմամբ' էներգա­արդյունավետության բարձրացման աշխատանքներից հետո շենքում ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն: