24 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:

 

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը կազմված էր 12 կետից, որոնք հռչակում էին անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

 

Հայաստանի Անկախության հռչակագիրը ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը՝ որպես առաջին հանրապետության հիմնադրի անվանակից:

 

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:

 

Հայ ժողովուրդը միասնաբար՝ ավելի քան 99% ձայների մեծամասնությամբ, «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

 

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

 

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

 

Լուրեր.com-ը շնորհավորում է ողջ Հայ Ժողովրդին` Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ: Կեցցե՛ Ազատ և Անկախ Հայաստանը: